շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հարցումները վկայում են, որ ձեր համակիրների մի զգալի մասն է միայն ձեզ վստահում»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը

«Հարցումները վկայում են, որ ձեր համակիրների մի զգալի մասն է միայն ձեզ վստահում»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչ հետևություններ է անում հանրության շրջանում արվող հարցումներից՝ քաղաքական ուժերին, իշխանությանը վստահության վերաբերյալ:

 Վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հիշատակած՝ իշխանության նկատմամբ վստահության վերաբերյալ Gallup-ի հարցումներին՝ վարչապետն ասաց. «Դուք ինչո՞ւ եք այդ հարցումները հիշատակում, քանի որ դրանք վկայում են, որ ձեր համակիրների մի զգալի մասն է միայն ձեզ վստահում»:

Փաշինյանը հավելեց՝ այնպես չէ, որ իշխանությունն այդ հարցումներից հետևություններ չի անում: Նա ներկայացրեց նաև իր հետևությունն այդ հարցումներից: 

«Իմ հետևությունն այն է, որ պետք է ՀՀ քաղաքացիներին ճանապարհ ցույց տալ, նոր ճանապարհ է պետք ցույց տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այդ թվերը դրա մասին են վկայում, ուրիշ ոչ մի բանի: Եվ մենք գնալու ենք այդ ճանապարհով, որովհետև մենք սիրում ենք մեր հայրենիքը։

Ասում եք՝  իրական մեղավորները լքելու են Հայաստանը: Համաձայն եմ, շատ իրական մեղավորներ լքել են եւ այսօր հետախուզման մեջ են: Այսօր էլ շատ մեղավորներ կան, ասում են՝ թողեք, մենք Հայաստանից գնանք, ուրիշ տեղ ապրենք: Չենք թողնում»,-ասաց նա:

Տեղից պատգամավորներից մեկը հարցրեց՝ դա ով է, ինչին վարչապետն արձագանքեց. «Որ ասեմ, կարող է դուք կորցնեք հավատը մարդկության նկատմամբ»:

Վարչապետն անդրադարձավ նաեւ Սփյուռքը ջարդելու, վարկաբեկելու մեղադրանքներին. «Կներեք, մեր կառավարությունը ավանդական երեք կուսակցություններից առնվազն երկուսի հետ ունի նորմալ աշխատանքային հարաբերություններ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՌԱԿ-ի եւ ՍԴՀԿ-ի հետ: Ասում են՝ ի՞նչ ստացանք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գործունեությունից: Ստացանք շատ կարեւոր մի բան, անցած տարի տեղի ունեցավ Համահայկական գագաթնաժողովը, որն աննախադեպ էր իր մասնակիցների կազմով, որովհետեւ Սփյուռքի բոլորովին նոր շերտեր եկան, այդ թվում ներուժը հայտնաբերվեց: Այնտեղ կան պատգամավորներ եւ այլն, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմությունը հակառակորդի թեզերն է տարածում Հայաստանում. «Իրենք միլիարդներ պետք է ծախսեն, որ իրենց թեզերը տարածեն, այդ թվում Հայաստանում: Դուք վերցնում եք, բերում եք ամբիոններից ասում եք: հասկանալո՞վ եք դա անում, թե՞ ակամա: Ես խնդրում ու հորդորում եմ՝ մի արեք, բայց ոչ թե ինձ համար, այլ մեզ համար: Դուք դրանով շատ լուրջ թակարդներ եք լարում Հայաստանի ոտքերի տակ»:

  • Կիսվել: