հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Պետք է հասկանանք՝ ինչ տեղ ունեն մեզանում այն կուսակցությունները, որոնք կաշառքի միջոցով փորձում են ազդել ընտրությունների վրա. Ջուլհակյան

Պետք է հասկանանք՝ ինչ տեղ ունեն մեզանում այն կուսակցությունները, որոնք կաշառքի միջոցով փորձում են ազդել ընտրությունների վրա. Ջուլհակյան

Քրեական օրենսդրության տրամաբանությունից է բխում, որ պատիժն անհատական պետք է լինի, բայց ձեր հարցն ավելի գլոբալ է և փիլիսոփայական: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին, որը հիշեցրեց վերջերս բացահայտված կաշառքի դեպքերը և հետաքրքրվեց՝ ինչ է պատահում այն քաղաքական միավորի հետ, որը նախաձեռնել է այդ գործընթացը, և ինչու է այդ միավորը մնում անպատիժ:

«Երբ մենք քննարկում էինք նոր Քրեական օրենսգրքի նախագիծը, ես այն ժամանակ պնդում էի, որ ընտրական հանցագործությունները և մասնավորապես կաշառքի միջոցով ընտրությունների վրա ազդելու հոդվածը լինի պետության դեմ գործած հանցագործությունների շարքում, որովհետև դա, ըստ էության, ընտրակարգը խեղելու և ժողովրդավարության խեղելու նպատակ է հետապնդում»,- ասաց Ջուլհակյանը: 

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ունե՞ն կուսակցությունները պատասխանատվություն, որոնք պարբերաբար նման իրավիճակների մեջ են հայտնվում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, պատգամավորն ասաց՝ կարծում է՝ սա մեծ քննարկման, ներհասարակական քննարկման արժանի հարց է:

«Մենք՝ որպես հանրություն, պետք է քննարկենք և հասկանանք՝ ինչ տեղ ունեն մեզանում այն կուսակցությունները, որոնք դիտավորյալ ու կանխամտածված կերպով ժողովրդավարության էությունը փորձում են խեղել ընտրությունների արդյունքի վրա կաշառքի միջոցով ազդելու տեսանկյունից»,- հայտնեց նա:

  • Կիսվել: