Պետք է ազատվել «կա'մ պատերազմ, կա'մ կապիտուլյացիա» այլընտրանքից, որը պարտադրում է իշխանությունը. Ռուստամյան
Մենք շատ հստակ խոսում ենք իրական խաղաղության մասին, իսկ իրական խաղաղությունը անշրջելի և կայուն կարող է լինել միայն վիճելի հարցերի արդար կարգավորման և ռազմավարական ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Եթե այս երկու պայմանը չկան, եթե գործընթացները չեն տանում հարցերի արդար կարգավորման և տեղի չեն ունենում ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում, սա միայն բերելու է Հայաստանին նոր զիջումներ, նոր կորուստներ: Բանակցության մեջ նստած են այսօր հաղթող և պարտվող կողմեր, որ այսօր մարմնավորում են մեր այդ իրավիճակը իշխանությունների դեմքով, բնականաբար խոսել ինչ-որ ռազմաքաղաքական հավասարակշռության մասին, բալանսի մասին ուժերի անիմաստ է։
Ուրեմն այդ պայմաններում արդեն իսկ, այսպես կոչված, խաղաղություն ունենալը ենթադրելու է նոր զիջումներ և նոր կորուստներ։ Խաղաղության անվան տակ մենք ունենալու ենք նվաստացում և դրանից բխող հետևանքներ»,- հայտարարեց Ռուստամյանը:
Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի եւ ընդհանրապես, բոլոր ազգային ուժերի առաքելությունն է ազատվել ժողովրդին պարտադրված այս իշխանությունների այլընտրանքից՝ կամ կապիտուլյացիա, կամ պատերազմ. «Այս այլընտրանքի առաջ են դրել մեր ժողովրդին, ամեն ինչ անելով ցույց տալու համար, որ մենք անկարող ենք, մենք անզոր ենք, մենք պետք է (ենթարկվենք այդ պահանջներին, թշնամու կողմից առաջադրվող: Սա վատի և վատթարագույնի մեջ ընտրություն կատարելու վիճակ է, և մեր խնդիրն է բեկում մտցնել այս իրավիճակի մեջ։
Սրա համար մեր գլխավոր խնդիրը դառնում է նոր որակի իշխանության ձևավորումը և զարգացման ազգային պետական ուղեգծի հաստատումը։ Այն ուղեգիծը, որով այսօր այս իշխանությունները շարժվում են, այդ ուղեգիծը ապազգային է, ապապետական է և կոչված է ըստ էության սպասարկելու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։
Մեր այլընտրանքային մոտեցումները հիմնված են նրա վրա, որ հայ ժողովուրդը ունի իր սեփական ուժային աղբյուրները և այդ աղբյուրները պիտի թույլ չտանք, որ այս իշխանությունները ցամաքեցնեն։
Այդ աղբյուրները երեք ուղղությամբ են. առաջինը մեր միասնությունն է, իսկ այսօր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը խաթարված է: Այս միասնականությունը պետք է տեղի ունենա շատ կոնկրետ օրակարգի շուրջ, այդ օրակարգը հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգն է։ Սրա շուրջ միայն հնարավոր է համախմբվել, չեն համախմբվում հանձնվելու համար, ինչպես այս իշխանություններն են իբր թե կոչ անում, համախմբվում են հաղթահարելու համար բոլոր այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք գոյություն ունեն։
Հանձնվելու համար պառակտում են, դա այն է, ինչ մենք տեսնում ենք այսօր իշխանությունների կողմից, որովհետև հենց հանձնվելու ուղղությամբ է իրենց ամբողջ քաղաքականությունը։
Երկրորդը մեր ներքին ռեսուրսի առումով, դա մեր պաշտպանական և անվտանգային համակարգերի հրատապ վերակառուցումն է, որովհետև մեր հակառակորդները այլ լեզու չեն հասկանում: Իրենք, եթե տեսան, որ դու անպաշտպան ես, անընդհատ փորձելու են նորանոր զիջումներ կորզել, պահանջներ անվերջ տեղալ, որի ականատեսն ենք մենք այսօր: Այսօր ադրբեջանաթուրքական պահանջները որևէ սահման չեն ճանաչում, ամեն օր նոր պահանջներ են հնչեցվում մեր ինքնության, մեր ազգային, պետականության դեմ ուղղված: Իրենց համար հայ տեսակի գոյությունը, հայկական գործոնի առկայությունը այս տարածաշրջանում արդեն անընդունելի է»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: