ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետք է անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները, որոնց թիրախում քաղաքացիական անձիք են․ Բորել

Պետք է անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները, որոնց թիրախում քաղաքացիական անձիք են․ Բորել

Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի հանդիպումը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջ: ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը վկայակոչել է հրադադարի վերաբերյալ ս․թ․ հոկտեմբերի 10-ի և ս․թ․ հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել համապատասխանաբար Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների համակարգման միջոցով և համաձայնեցվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից, որոնք սակայն չեն պահպանվել: Եվրոպական միությունը շարունակում է կոչ անել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության խիստ պահպանման՝ բոլորի կողմից:

Պետք է անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները, որոնց թիրախում քաղաքացիական անձիք են և ավելի մեծ տառապանք են պատճառում խաղաղ բնակչությանը: ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը նաև շեշտել է, որ կողմերը պարտավորված են լիարժեք համապատասխանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:

ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը կողմերին հորդորել է վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին՝ առանց նախապայմանների և առանց հետաձգելու: Բոլոր դերակատարները, ներառյալ արտաքին կողմերը, պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների շարունակման և զոհերի ավելացման․

Այդ թվում՝ վերջ դնելով վտանգավոր, կրքեր բորբոքող և այլատյացական հռետորաբանությանը: ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը վերահաստատել է ԵՄ աջակցությունը համանախագահների շարունակական ջանքերին՝ բարձր մակարդակի ակտիվ շփումների, ինչպես նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով:

  • Կիսվել: