երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պետք է Ադրբեջանի վրա ճնշում լինի, մենք այդ ճնշումը դեռ չենք տեսնում. կարելի է ասել Ադրբեջանն ապտակում է նաև միջազգային հանրությանը․Դավիթ Բաբայան

Պետք է Ադրբեջանի վրա ճնշում լինի, մենք այդ ճնշումը դեռ չենք տեսնում. կարելի է ասել Ադրբեջանն ապտակում է նաև միջազգային հանրությանը․Դավիթ Բաբայան

 Իհարկե, միջազգային հանրության կողմից արձագանք կա, բազմաթիվ կառույցներից, պետություններից, քաղաքական գործիչներից, ղեկավարներից կա արձագանքի առաջին փուլ: Դրանից հետո պետք է կոնկրետ գործի անցնեն, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի այս ահաբեկչական ցեղասպան քայլը, պետք է նրա վրա ճնշում լինի, մենք այդ ճնշումը դեռ չենք տեսնում: Կարելի է ասել Ադրբեջանն ապտակում է նաև միջազգային հանրությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԳ պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքը փակած իբրև թե բնապահպաններին՝ Բաբայանն ասաց. «Այդ խմբին բերել են Բաքվից, նրանց բնական է՝ նաև վարձատրում են: Արցախի օկուպացված տարածքից, Հադրութի միջոցով բերել են Շուշի, իսկ Շուշիից այդ ճանապարհը փակելը երկու քայլ է: Կանգնած են երկու-երեք խաղաղապահ, նրանք էլ լավ չեն ճանաչում ադրբեջանցիներին, հիմա տեսնում են՝ ում հետ գործ ունեն: Ադրբեջանը կարող է տեղափոխել ում ասես, որտեղ ասես, որովհետև այդ տարածքն օկուպացված է, կարող են վաղն էլ 10 հազար մարդ բերել»:

Արցախցի պաշտոնյայի խոսքով, ռուս խաղաղապահներին պետք է միջազգային մանդատ տրվի, որ նրանք լիազորություն ունենան խաղաղություն պարտադրել։

«1980 խաղաղապահը քիչ է, դա սիմվոլիկ թիվ է։ Անհրաժեշտ է, որ խաղաղապահների թիվն ավելանա, ինչքան շատ՝ այնքան լավ։ Շուշիի մատույցներում տեղակայված է 10–ից 15 խաղաղապահ, մենք ասում ենք՝ ավելացրեք խաղաղապահների թիվը։ Նրանց տվեք միջազգային մանդատ, որ լիազորություն ստանան խաղաղություն պարտադրել, ինչպես արվում է Կոսովոյում, Բոսնիայում։ Եթե միջազգային մանդատ տրվի, ապա ոչ ոք չի կարող գալ եւ ճանապարհը փակել, ցանկացած մարդ, ով առանց զգուշացնելու կարող է գալ, նրանք կարող են կրակել, սա է մանդատը, որ Ադրբեջանը զուսպ լինի,– ասաց Դավիթ Բաբայանը։

Հարցին, թե Արցախը գրավոր ընթացակարգով դիմե՞լ է ռուս խաղաղապահների թվի ավելացման համար, Դավիթ Բաբայանն ասաց.

«Մենք բազմաթիվ անգամներ դիմել են նաեւ Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ հարցը բարձրաձայնել ենք նաեւ արեւմտյան կոլեգաների մոտ»։

Հարցին, արձագանք եղե՞լ է, Արցախի պաշտոնյան պատասխանեց.

«Իրենք ըմբռնումով են մոտենում այդ հարցին»։

Դավիթ Բաբայանի խոսքով, միջազգային կառույցներին ուղարկված բազմաթիվ նամակներ կան։

«Մենք այս պահին դիմում ենք ՄԱԿ–ին, որպեսզի միջամտեն եւ Ադրբեջանի ագրեսիան կանխեն։ Այդ նամակը շրջանառվում է ՄԱԿ–ում»,– նշեց նա։

  • Կիսվել: