հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պետք է Ադրբեջանի կառուցողականությունն ակնկալենք միջազգային գործընկերների ճնշման տակ, որ կարողանանք առաջ շարժվել. Արթուր Հովհաննիսյան

Պետք է Ադրբեջանի կառուցողականությունն ակնկալենք միջազգային գործընկերների ճնշման տակ, որ կարողանանք առաջ շարժվել. Արթուր Հովհաննիսյան

Դեռևս չկա որևէ բան որոշված. անկլավների թեմային անդրադարձել ենք այն համատեքստում, երբ խոսվեց տարածքային ամբողջականության և քառակուսի կիլոմետրերի մասին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Այո, կան Հայաստանում անկլավներ, որոնցով անցնում են ճանապարհներ՝ ռազմավարական նշանակության, կան գյուղեր, որոնց սահմանակից են անկլավները, և, բնականաբար, դրանց վերաբերյալ քննարկումների ժամանակ պետք է հաշվի առնել ամեն ինչ»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ սահմանագծման և սահմանազատման պրոցեսների վերաբերյալ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել:

Ինչ վերաբերում է գործընթացի հիմքում դրվող քարտեզներին, ապա նա նշեց, որ հայկական կողմի համար ընդունելի են եղել 1975 թվականի քարտեզները: «Ըստ էության, բանակցային գործընթացի այս փուլում դեռևս, բնականաբար, վերջնական որոշված չէ, թե բանակցությունների հիմքում ինչ քարտեզ է դրվելու, բայց այս պահին քննարկումը այս քարտեզի շուրջ է գնում, մենք զարգացում կունենանք հետագայում: Նաև ադրբեջանական կողմն ինչ դիրքորոշում կունենա, ես այս պահին կդժվարանամ ասել»,- նշեց նա:

Անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցող բանակցություններն՝ պատգամավորն ասաց, որ դրանք այս պահին են, նոր են, հետևաբար որևէ մեկնաբանություն չի կարող տալ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ գործընկերների առաջարկություններին, ապա նա վստահեցրեց, որ ԱՄՆ-ը շահագրգռված է խաղաղությամբ տարածաշրջանում: «Մենք շատ ինտենսիվ համագործակցում ենք մեր գործընկերների հետ, և կարծում եմ՝ նման համագործակցության ինտենսիվություն ՀՀ պատմության մեջ երբևէ չի եղել ԱՄՆ հետ: Այս իմաստով մենք ընդունում ենք մեր ցանկացած գործընկեր պետության աջակցությունը և օգնությունը Ադրբեջանի հետ բանակցություններում հանրային հարթակ տրամադրելու առումով»,- ասաց ՔՊ խմբակցության քարտուղարը: 

Նա ընդգծեց, որ ՀՀ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց շուտը շատ հարաբերական է: «Ռիսկերը պետք է հաշվի առնենք և պետք է Ադրբեջանի կառուցողականությունն ակնկալենք միջազգային գործընկերների ճնշման տակ, որ կարողանանք առաջ շարժվել: Մենք պատրաստակամ ենք, բայց հնարավորությունների մասով ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:

  • Կիսվել: