Պետք չէ այստեղ էլ դավադրություն փնտրել, հիմա էլ Ղարաբաղի հարցի հետ են կապում․ Փաշինյանը՝ սահմանային գծում միջազգային դիտորդներ տեղակայելու մասին
Պետք չէ այստեղ էլ դավադրություն փնտրել, հիմա էլ Ղարաբաղի հարցի հետ են կապում։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սոթք-Խոզնավար սահմանային գծում միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ իր առաջարկին։
«Իսկ ինչո՞ւ պիտի մերժեն այս առաջարկը, ի՞նչն է վատը այս առաջարկի մեջ։ Մերժելու համար նաև պետք է ասեն՝ ինչն է վատը, ինչն է պրոբլեմը։ Չկա ոչ մի պրոբլեմ։ Սև լճի հատվածում մեր սահմանը որտեղով անցնում է, ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցի հետ։ Ղարաբաղի հարցն այլ հարց է, և դրա լուծման բանաձևը վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ իրենց տարածած հայտարարություններում»,-նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ ամենամեծ վրիպումն է ասել, թե ՀՀ սահմանի դեմարկացիա պետք չէ։
«Անվտանգության 100 տոկոս երաշխիք ոչ մի տեղ գոյություն չունի, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով։ Մենք այսօր տեսնում ենք, որ այս պայքարի բովանդակությունը կապ ունի Ղարաբաղյան շարժման հետ, որովհետև այսօրվա պայքարը նույնպիսի պայքար է հանուն ինքնիշխանության, պետականության, անկախության, հանուն քաղաքացիության։ Այս պայքարի դիրքերը մենք չենք կարող լքել, բացառված է, մենք փախչող չենք, մենք նույնիսկ կախաղանից չենք փախնի»,-ասաց նա։