երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետական սահմանների գծման հարցում անհրաժեշտ է առաջնորդվել պատմական արդարության սկզբունքով. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Պետական սահմանների գծման հարցում անհրաժեշտ է առաջնորդվել պատմական արդարության սկզբունքով. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով 101 տարի առաջ այս օրը ԽՍՀՄ կազմավորմանը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «1922 թ․ այս օրը՝ դեկտեմբերի 30-ին, կազմավորվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, որին Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում անդամակցեցին նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Ձևավորման պահից իսկ սկսած այս միավորի հիմքում ձևավորվեցին ականներ, որոնք տասնամյակների խտրականության ճնշման հետևանքով մի օր պայթելու էին և հանգեցնելու մեծ դժբախտությունների։

Այդ ականներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային-սահմանային վիճելի խնդիրների անարդար և անհամաչափ լուծումն էր, որի հետևանքով պատմական հայկական երկու երկրամասեր՝ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը, օրգանապես՝ մշակութապես և պատմականորեն կապված լինելով Հայաստանին, տրվեցին Ադրբեջանին՝ ի պատասխան ստոր շանտաժների, որին դիմում էր ադրբեջանական ղեկավարությունը՝ սպառնալով հակառակ պարագայում դուրս գալ Միությունից։

Դրա հետևանքով և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Նախիջևանի, և պատմական Գարդմանի ու Շիրվանի հայությունը ստիպված եղավ տասնամյակներ շարունակ տանելու էթնիկ ու ռասայական ճնշման բոլոր դրսևորումները։

Սակայն եթե Լեռնային Ղարաբաղի հայությունը, շնորհիվ տրված ինքնավար մարզի կարգավիճակի, կարողացավ պայքարել իր ազատ ինքնորոշման իրավունքի համար, ապա գարդմանահայությունը, նախիջևանահայությունը և շիրվանահայությունը, զուրկ լինելով ինքնապաշտպանության որևէ մեխանիզմից, ենթարկվեց աննախադեպ ոճրագործությունների։

Այսօր պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում որևէ հայ չկա։ Այսօր հայերը էթնիկ զտմամբ բռնագաղթեցվել են նաև Լեռնային Ղարաբաղից։ Տեղային զտումներին 35 տարի անց փոխարինելու եկան լայնամասշտաբ և համատարած զտումները՝ սովի ու հումանիտար ճգնաժամի ուղեկցությամբ, զենքի սպառնալիքի տակ, մանկասպանության ու պատերազմական այլ հանցանքների միջոցով։ Այս փաստը հստակորեն ցույց է տալիս երկու հանգամանք․ նախ պետական սահմանների գծման հարցում անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե քաղաքական տվյալ պահի նպատակահարմարությամբ, այլ պատմական արդարության սկզբունքով, որովհետև միայն ու միայն պատմական արդարությունն է ի զորու ապահովել բնական կայունություն ու երկարաժամկետ խաղաղություն, երկրորդ՝ էթնիկ ու կրոնական խտրական քաղաքականությունը, լինելով մարդկության մեծագույն բացթողումն ու խնդիրը, պետք է խստորեն պատժվի՝ ապագայում դրա կրկնության բացառման համար»:

  • Կիսվել: