ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը հեղափոխության հրապարակի ամբիոնից իմ տված խոստումն է․ Փաշինյան

Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը հեղափոխության հրապարակի ամբիոնից իմ տված խոստումն է․ Փաշինյան

Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը հեղափոխության հրապարակի ամբիոնից իմ տված խոստումն է: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե վերջին շրջանում շատ է շահարկվում պաշտոնյաների ու նաև պետական ապարատում աշխատավարձերի ու հավելավճարների հարցը։

Վարչապետը հստակեցրեց, որ պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը պարտավորություն է, որն ինքը տվել է ժողովրդի առաջ ու հեռախոսից գտավ, միացրեց իր այդ ելույթը, որտեղ նա հայտարարում է պետպաշտոնյաների, ոստիկանների աշխատավարձերը բարձրացնելու մասին, որպեսզի վերջինները ստիպված չլինեն գնալ և շաբաթ-կիրակի օրերին «ցեմենտ-բետոն թափելով տուն պահեն»։

«Ես այդ հայտարարությունն արել եմ 2018-ի ապրիլի 19-ին և դրանից հետո ժողովուրդը պարտադրել է, որ ինձ ընտրեն վարչապետ, և ես հիմա որ տեսնում եմ քննարկում կա, թե ինչու են պետական աշխատողի աշծատավարձը բարձրացրել․․․ դա անընդունելի է, խոստացել եմ, ժողովուրդը հաստատել է խոստումը ու բարձրացրել ենք։ Դա արվել է հեղափոխության կոնտեքստում։ Սրանից հրաժարվել չկա»,- հայտարարեց վարչապետը։

Նրա խոսքով, այդ երևույթից հրաժարումը նոր հեղափոխություն անելն է։

«Եթե ժողովուրդը որոշում է, որ պետական պաշտոնյաների աշխատավարձը չպետք է բարձր լինի, կարող է նոր հեղափոխություն անել, մեզ էստեղից քշի, բերի հին պաշտոնյաներին, ովքեր ցածր աշխատավարձ էին ստանում ու լափում էին պետական համակարգը, ովքեր փայ էին մտնում բիզնեսներում», -հավելեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս ամենը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին։

Նրա խոսքով, որպեսզի պետական բարձրաստիճան պաշտոնյան պետք է 100 տոկոսով կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա, իսկ դրա համար պետք է հնարավորություն ունենա շատ թե քիչ կտրված լինի մանր կենցաղային բաներից։

«Պետական ծառայության պրեստիժը պետք է բարձրացվի, դա իմ սկզբունքային դիրքորոշումն է։ ՀՀ քաղաքացիները կարող են փոխել այս ամենը և հետ բերեն Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին և ապրեն նախկին կյանքով»,-հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: