հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
«Պեռնո Ռիկարին» ասել եմ՝ գոնե մի նորմալ գինի արտադրեք․ խոշոր ներդրումների նկատմամբ պետությունը պետք է չափազանց ուշադիր լինի․ Քոչարյան

«Պեռնո Ռիկարին» ասել եմ՝ գոնե մի նորմալ գինի արտադրեք․ խոշոր ներդրումների նկատմամբ պետությունը պետք է չափազանց ուշադիր լինի․ Քոչարյան

«Պեռնո Ռիկար» ընկերության մուտքը Հայաստան շատ դժվար գործարք էր։ Հայաստանում մեղադրում էին ազգային արժեքները վաճառելու մեջ։ Այս մասին տնտեսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով ներդրումների թեմային։

Նրա խոսքով՝ խոշոր ներդրումների նկատմամբ պետությունը պետք է չափազանց ուշադիր լինի: 

«Ֆրանսիա այցի ժամանակ այցելել եմ «Պեռնո Ռիկար» ընկերությու եւ համոզել, որ իրենք գան։ Ինչո՞ւ եմ դա արել. ինձ այդքան ոչ թե կոնյակի որակն էր հետաքրքրում, ինչքան «վերամշակող եւ գյուղացի» հարաբերությունների մշակույթը ներդնելը Հայաստանում։ «Պեռնո Ռիկար» ընկերությունն այդ մշակույթը մտցրեց։ Դրանից հետո բոլորը սկսեցին երկարատեւ պայմանագրային հարաբերություններ ունենալ այդ տնտեսությունների հետ։ Օրինակ՝ Էռնիկյանի մուտքը Հայաստան։ Նրա հետ ծանոթացել եմ Ղարաբաղի նախագահ եղած ժամանակ. համոզեցի այն ժամանակ՝ Ղարաբաղի հեռուստատեսությունը ամբողջությամբ նորոգեց, թարմացրեց։ Ուղղակի համոզեցի, այնպես չէր, որ ինքը գալիս էր։ Ժամանակին «Պեռնո Ռիկարին» խնդրել ու ասել եմ՝ գոնե մի նորմալ գինի արտադրեք Հայաստանում։ Մենք գինի խմող ազգ պիտի լինենք, հետո գինին քո խաղողի շարունակությունն է։

«Ռենկո» ընկերության մուտքը Հայաստան՝ փոխել է շինարարության ոլորտում մշակույթը։ Երբ 9 ամսում կառուցվեց «Երեւան» հյուրանոցը եւ այդ փողոցը փակված չէր, նոր մշակույթ է ձեւավորվել, շինարարները գնում ու կողքից նայում էին. հետաքրքում էր, սովորում էին։

Տուրիզմի զարգացման համար չես կարող վատ օդանավակայան ունենալ։ Դրանից հետո գինին, գինու մշակույթ։ Մտավ մշակույթ օդանավակայանի առումով, գինու արտադրության առումով։ Հիմա հպարտանում ենք հայկական գինիներով, բայց գինի չկար խմելու։

Գիտե՞ք ինչու են երկաթուղին բերել, որովհետեւ ես եմ խնդրել։ Երկաթուղու այն ժամանակվա տնօրենի հետ քանի հանդիպում եմ ունեցել, պնդել եմ, որ պետք է գա։ Հաջորդ քայլը պետք է լինել Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հիմա ՀՀ-ում դիմակավորված ստուգումներ են, կոռուպցիոն մեղադրանքներ, Քոչարյանն արձագանքեց.

«Նորմալ երկիր չի գալու այստեղ։ Այլեւս չեմ հավատում, որ հնարավոր է լինելու «Ռուսական եկթաուղիների» հետ քննարկել նոր երկաթուղու հարցը։ Ի դեպ, բավական լուրջ քննարկում էինք Պարսկաստանի հետ։ Ուղղակի, ափսոս, այն ժամանակ Չինաստանը այդպիսի խոշոր պետական ծրագրեր դրսում չէր իրականացնում։ Չինաստանի հետ նույնպես համագործակցելով, վստահ եմ, որ մենք այսօր կունենայինք այդ երկաթուղին: Մեզ միշտ ասում էին՝ ներկա փոխադրումների, բեռնափոխադրումների ծավալը բավարար չէ այդ երկաթուղու եկամտաբերության համար։ Մեզ համար դա պետք է լիներ քաղաքական ծրագիր։ Մենք ասում էինք՝ մենք ներկայով չպետք է հաշվենք, մենք պետք է հաշվենք, թե ինչ կարգի բեռնափոխադրումներ են ավելանալու, եթե այդ երկաթուղին լինի։ Այդ թվի շուրջ էր մեր բանավեճը»։

  • Կիսվել: