հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պենտագոնը «ապացույցներ է հավաքում» Ռուսաստանի ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մասին

Պենտագոնը «ապացույցներ է հավաքում» Ռուսաստանի ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «ապացույցներ է հավաքում» Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին, ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

«Մենք, անշուշտ, տեսնում ենք հստակ ապացույցներ, որ ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարում», - ասել է Քիրբին «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան:

«Կատարվում է հետաքննություն, որը կշարունակվի, և մենք պատրաստվում ենք նպաստել այս հետաքննությանը։ Թե ինչ կստացվի դրանից, սա Պենտագոնի ղեկավարության որոշումը չէ»,- պնդում է Քիրբին, գրում է «Ամերիկայի Ձայնը»։

Ավելի վաղ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին ասել էր, որ պետքարտուղարությունը ուսումնասիրում է Ուկրաինայում «պատերազմական հանցագործությունների» դեպքերը՝ շարունակական «իրավական գործընթացի» շրջանակներում։

Նրա խոսքով, հետաքննության ընթացքում ԱՄՆ վարչակազմի կողմից հավաքագրված տեղեկատվությունը «կփոխանցվի միջազգային մարմիններին, որոնք նախկինում քրեական պատասխանատվության են ենթարկել ռազմական հանցագործներին»:

Փսակին հավելել է, որ Միացյալ Նահանգները միայն տեղեկատվություն է հավաքում, իսկ «դրանցով կզբաղվեն միջազգային կառույցները»։

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա

  • Կիսվել: