երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պայքարեք օրենքով. Տարոն Սիմոնյանը՝ «Իմ քայլը» խմբակցությանը

Պայքարեք օրենքով. Տարոն Սիմոնյանը՝ «Իմ քայլը» խմբակցությանը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին խորհրդարանական մեծամասնության ներկայացրած նախագիծը, ԱԺ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը հորդորեց պայքարել օրենքով:

«Լավ եք անում, որ պայքարում եք, մեկի դեմ պայքարեք, հարյուրի դեմ պայքարեք, հազարի դեմ պայքարեք, բայց օրենքով պայքարեք։ Օրենքի խախտումները մի կուտակեք ձեր վրա, որ հետագայում այդ օրենքի խախտումներով մի գործընթաց սկսվի, որից տուժողը դուք չեք, Պողոսը չի, Պետրոսը չի, ՀՀ-ն է։ Ես պարոն Հովակիմյանի ելույթը լսեցի, բայց չտեսա որևէ իրավական հիմնավորում նախագծին։ Այո՛, լրագրողական ելույթ էր, գուցե որոշակի պատմական ելույթ էր։ Բայդ արդյոք պատմական կամ լրագրողական ելույթներով կարող ենք հիմնավորել սահմանադրական փոփոխությունները։ Պայքարը, նպատակը ըմբռնելի է, բայց արդյոք այն միջոցները, որոնք ձեր կողմից օգտագործվում են, մակերեսային չեն։ Իմ խորին համոզմամբ՝ մակերեսային են, որովհետև դրա արդյունքում դուք շատ իրավական դրույթներ անտեսում եք, խախտում եք, իսկ հետագայում այս ամբողջ պրոցեսը պետք է իր վրա կրի այդ խախտումները, և չեք կարողանալու դրա տակից դուրս գալ», -իր ելույթում հայտարարեց Սիմոնյանը։

Պատգամավորի խոսքով, խորհրդարանական մեծամասնությունը իրավական առումով ամենավատ տեխնիկան է ընտրել, քանի որ արդեն կիրառված անցումային դրույթը չի կարելի փոփոխել.

«Հարգելիներս, ձեր ցավը տանեմ, ախր կարելի է, չէ՞, Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը կարդալ, հետո մի հատ էլ բացել ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասը կարդալ՝ հասկանալու համար, որ առաջին ընթերցման տապալումից հետո դուք չեք կարող հանրաքվեի դնել այս հարցը»: Ընդդիմադիր պատգամավորը հստակեցրեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ պետք է ընդունվի, ՍԴ-ն հաստատի, որ երկրորդ ընթերցման տապալումից հետո դնեն հանրաքվեի․«Եթե մասնավոր ոլորտում լինեի, այսքան խորհրդատվության համար մեծ գումարներ կստանայի, բայց ձեզանից միայն բացասական ժպիտներ եմ ստանում»։

  • Կիսվել: