Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրից հրաժարվելու հնարավորությունը պահպանվում է, քանի դեռ այն չի ստորագրվել։ Այս հայտարարությունն արեց ԱԺ Նախագահ Ալեն Սիմոնյանը` խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին։
«Մինչև չստորագրվի, մինչև այն ձեռքներիս չէ, միշտ էլ վտանգված է։ Նույնիսկ եթե այնտեղից (Բաքվից․ խմբ.) հայտարարեն, որ «ինչ լավ է, մենք շատ ուրախ ենք, եկեք ստորագրենք», սակայն ստորագրման օրն ու ժամը հայտնի չլինեն, փաստաթուղթը միշտ էլ վտանգված է»,- ասաց Սիմոնյանը։
Միաժամանակ նա ընդգծեց` տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, այն հաստատվել է և փոփոխման ենթակա չէ:
«Ես կարող եմ հենվել միայն այն բաների վրա, որոնք դրված են սեղանին, թե ով ինչ հայտարարություն կանի... Հիմա վարչապետը հինգ խորհրդական ունի, կարող է շաբաթը մեկ, մեկը տարբեր հայտարարություն անի: Կա փաստաթուղթ, կա տեքստ կոնկրետ, որը քննարկվել է և փակվել է, կա հայտարարություն այն կողմից, նախագահի մակարդակով, կա հայտարարություն այս կողմից վարչապետի մակարդակով: Մենք հայտարարել ենք, որ սպասում ենք տեղի ժամի և ֆորմատի հետ քննարկումներին: Հընթացս գործերը ոնց կգնան, արդեն տեղյակ կլինենք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ հայկական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի Ալիեւի հայտարարության վերաբերյալ, ըստ որի, ոչ միայն պետք է Զանգեզուրի միջանցքը տրամադրվի, այլև ապառազմականացված գոտի պետք է ստեղծվի եւ պետք է ապամոնտաժվեն սահմանային ռազմական ենթակառուցվածքները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հայաստանը հստակ իր դիրքորոշումը վաղուց արտահայտել է, մենք ասել ենք, որ բոլոր ճանապարհները պատրաստ ենք հենց վաղը բացել և կոմունիկացիաները բոլոր պետք է բացվեն տարածաշրջանում, և դա երկկողմանի տրամաբանության մեջ պետք է լինի:
Ապառազմականացված գոտի նաև կարող ենք համարել այն գոտին, որը, օրինակ, ունենք այսօր Կիրանցի տարածքում, որտեղ կանգնած են սահմանապահները։ Ամբողջ երկայնքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանում պետք է կանգնած լինեն սահմանապահները:
Իրենք շատ բան են ցանկանում, թող ցանկանան, մենք էլ ենք շատ բան ցանկանում, դրա համար քննարկում ենք»: