չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին

Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություն՝ պատասխանատու առաքելության իրականացման մեջ։

Նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Բերգլյոտ Հովլանդը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-նորվեգական հարաբերությունների ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցությունը խթանելու ուղղությամբ։

«Բարձր ենք գնահատում հատկապես վերջին տարիներին Հայաստանի և Նորվեգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսության նկատելի ակտիվացումը: Հույս ունենք ընդարձակել մեր համագործակցության շրջանակը՝ հատկապես տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեքորեն օգտագործման նպատակով: Կցանկանայի նշել, որ Հայաստանը բավական գրավիչ երկիր է տնտեսական օրենքների առումով և մենք պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ»,- նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Դեսպան Բերգլյոտ Հովլանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Ես ևս ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Նորվեգիայի համար կարևոր և առանձնահատուկ գործընկեր է: Մենք շատ ուրախ ենք, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններն ամրապնդվել են և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ դրանց հետագա ընդլայնման և ամրապնդման գործում: Համաձայն եմ, որ տնտեսական համագործակցության առումով կա աճի ներուժ և մենք պետք է ուսումնասիրենք այն»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև բազմոլորտ համագործակցության զարգացման ուղղություններն ու հնարավորությունները: Կարևորվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլ ոլորտներում լավագույն փորձի փոխադարձ կիրառմանն ուղղված քայլերի ակտիվացումը:

Շեշտվել է երկու երկրների տնտեսական, գործարար ու տուրիստական շրջանակների միջև փոխշահավետ կապերի հաստատման ու ամրապնդման նպատակով ջանքերի ներդրման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ:

Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասներ է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական, հումանիտար և առաջնային կարիքները հոգալու ուղղությամբ կառավարության իրականացրած աջակցության ծրագրերի և միջոցառումների մասին: Քննարկվել են նաև տեղահանվածների համալիր խնդիրների լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Զրույցի ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, որոնց արդյունքում առավել բարենպաստ միջավայր է ձևավորվել տնտեսական գործունեության իրականացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար:

  • Կիսվել: