երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատրաստ եմ անել հակասահմանադրական քայլ, եթե բանակին հանգիստ թողնի, որովհետև դա հղի է երկրում ցնցումներով. Մարուքյանը՝ Փաշինյանին

Պատրաստ եմ անել հակասահմանադրական քայլ, եթե բանակին հանգիստ թողնի, որովհետև դա հղի է երկրում ցնցումներով. Մարուքյանը՝ Փաշինյանին

Իմ առաջարկը հետևյալն է, որ բանակին հանգիստ թողեն, մենք քաղաքական գործիչներով գնանք արտահերթ ընտրությունների և ժողովուրդը թող որոշի՝ ո՞վ է լինելու երկրի ղեկավար, ու նա էլ թող զբաղվի բանակի ապագա հարցերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Խնդիրն այնքան է սրված, որ եթե Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը ստորագրվի, խնդիրը չի լուծվելու: Իշխանությունը երբեք չի ցանկացել արտահերթ ընտրություններ անել, նրանք բոլոր ամբիոններով ներկայացնում են սուտ տեղեկություն, որովհետև գիտեն՝ պարտվելու են: Իրենք ուզում են իրենց օպոնենտներին նստեցնել, բանտերը լցնել այդ մարդկանցով, նոր հետո կազմակերպել կամ չէ, քանի որ կոմպետենտություն չունեն անգամ ռեպրեսիաներ անելու, իրենք կարող են անել միայն երկիրը քաոսի վերածել»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ իրենք ցանկացած կոմպրոմիսի պատրաստ են, միայն թե բանակին հանգիստ թողնեն.

«Ցանկացված կոմպրոմիսի պատրաստ ենք, ցրեք խորհրդարանը, ցանկացած հուշագիր ստորագրում եմ, կցրի՞: Իշխանությունը սուտ պատրվակներ է բերում, ինքը առանց նախապայմանների կցրի՞ խորհրդարանը»,- ասաց նա:

Հարցին, թե դուք ասել եք՝ հուշագիր կստորագրեք, Մարուքյանը պատասխանեց. «Համաձայն եմ, պատրաստ եմ անել հակասահմանադրական քայլ, եթե բանակին հանգիստ թողնի, որովհետև դա հղի է երկրում ցնցումներով»:

Մարուքյանը ընդգծեց, որ այն հակադրությունը, որը Փաշինյանը տանում է,  կարող է ծանր հետևանքներ ունենալ, այդ պատճառով ինքը այդ իրավիճակից դուրս գալու համար ելք է առաջարկում:

  • Կիսվել: