երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Պատիվ ունեմ» դաշինքը հանդես է գալիս «Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք» կարգախոսով

«Պատիվ ունեմ» դաշինքը հանդես է գալիս «Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք» կարգախոսով

«Պատիվ ունեմ» դաշինքի, որը ձևավորել են Հայաստանի հանրապետական ու «Հայրենիք» կուսակցությունները, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է եռաբաղադրիչ կարգախոսով՝ «Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք»:

«Պատիվ ունեմ» դաշինք կազմելու հուշագիրը ստորագրելուց հետո կայացած ճեպազրույցում դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենք ներկայանում են նաև հնգաթև աստղ խորհրդանիշով:

««Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդանիշը հնգաթև աստղ է: Ոչ բոլորը գիտեն, որ այն քրիստոնեության ամենաառաջին խորհրդանիշն է: Այն մեզ համար խորհրդանշում է ծառայությունը հայրենիքին, պատմական հիշողությունը, մեր նախնիների հաղթանակները, սխրանքները, մարդկային երազանքը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, հայ ժողովուրդը պետք է վերականգնի ու վերագտնի իր արժանապատվությունն ու վեհությունը և պետք է կրկին հավատա իր սեփական ուժերին: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ պետք է պատրաստ լինել աշխատանքին, պայքարի միջոցով վերահաստատել սեփական հայրենիքում ապրելու իրավունքը, իսկ դրա համար պետք է վերացվեն բոլոր բաժանարար գծերը հասարակությունում: Նա ընդգծեց, որ միայն միասնական ջանքերի համադրմամբ պետք է անցնել բոլոր ուղղություններով՝ հզորացնելով հայրենիքը:

  • Կիսվել: