հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաստաթուղթը չպետք է պարունակի Արցախը Ադրբեջանի կազմում ձևակերպումը․ Թագուհի Թովմասյան

Փաստաթուղթը չպետք է պարունակի Արցախը Ադրբեջանի կազմում ձևակերպումը․ Թագուհի Թովմասյան

Հայաստանը որևէ դեպքում չպետք է ստորագրի փաստաթուղթ, որի դեպքում Արցախը կարող է որևէ կարգավիճակով թողնվել Ադրբեջանի կազմում։

 Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը` հավելելով, որ չպետք է քննարկել արցախցիների էթնիկ փոքրամասնության կամ որևէ այլ կարգավիճակի հարցը՝ ադրբեջանցիների հետ խաղաղ համագոյակցության համատեքստում։

«Այս տարիների ընթացքում հասկացել ենք, որ ադրբեջանցիները մի օր գիշերը արթնանալու են, Ռամիլ Սաֆարովի օրինակով ուղղակի սկսելու են կացնահարել, իսկ մենք այդպիսի դեպքեր շատ ենք ունեցել։ Այսինքն՝ խաղաղ համագոյակցություն Ադրբեջանի հետ չեմ պատկերացնում։ Նրանք այս ընթացքում հրադադարի պայմաններում բազմաթիվ անգամ  ներխուժման փորձեր են արել, բազմաթիվ անգամ սպանություններ են իրականացրել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում, և նրանց հետ խոսել խաղաղության մասին ուղղակի աբսուրդ է։  Ես չեմ կարող ասել, թե ինչ փաստաթուղթ պետք է լինի, բայց այդ փաստաթուղթը չպետք է հանկարծ որևէ դեպքում պարունակի Արցախը Ադրբեջանի կազմում ինչ-որ թեկուզ տեսական ձևակերպմամբ»,- նշեց Թովմասյանը։

Պատգամավորը խնդրահարույց է համարում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը։

«Ես շարունակելու եմ այն խնդրահարույց համարել, որովհետև ես համարելու եմ, որ Արցախին թողեցինք միայնակ Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը միայնակ չէ, Ադրբեջանը իր թիկունքում ունի Թուրքիա, իսկ մենք իրավունք չունենք 120 հազար բնակչություն ունեցող Արցախին թողնել միայնակ Ադրբեջանի հետ»,- եզրափակեց Թովմասյանը։

Պատգամավորը Վաշինգտոնում ընթացող բանակցություններում առաջընթաց կհամարի այն ժամանակ, երբ հայկական կողմը կարողանա Արցախի ինքնորոշման հարցը տեղավորել փաստաթղթում։

  • Կիսվել: