երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փաստաթուղթը չի փոխվելու, որովհետեւ դրանով Քարվաճառը, Լաչինը հանձնեցինք, բայց մենք կանխելու ենք լրացուցիչ խնդիրներ ստեղծող փաստաթղթերի ի հայտ գալը. Քոչարյան

Փաստաթուղթը չի փոխվելու, որովհետեւ դրանով Քարվաճառը, Լաչինը հանձնեցինք, բայց մենք կանխելու ենք լրացուցիչ խնդիրներ ստեղծող փաստաթղթերի ի հայտ գալը. Քոչարյան

Ով ուզում է, որ մենք հայտնվենք այնպիսի իրավիճակում, ինչպիսին Սյունիքում ու Գեղարքունիքում է, խնդրեմ, քվեարկեք այսօրվա քաղաքական թիմի օգտին։ Այս մասին այսօր Արմավիրի բնակիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Փորձում են տարածել, որ իմ՝ իշխանության գալով՝ պատերազմի վտանգը կարող է մեծանալ, եւ ենթադրում եմ, որ քարոզարշավի ժամանակ սա իմ դեմ օգտագործվող ամենակարեւոր թեզն է լինելու։ Հայաստանի պատմության մեջ ամենախաղաղ տարիները եղել են 1998-2008 թվականները։

Կանխատեսումն այլ էր։ 1998-ին փորձում էին մեր ժողովրդին համոզել, որ իմ նախագահ ընտրվելու պարագայում պատերազմ է լինելու։ Եղավ ճիշտ հակառակը։ Այս տարածաշրջանում խաղաղության գրավականը առաջին հերթին երկրի քաշային կարգն է, թե ինչպես է ընկալվում երկիրը, բանակը մարտունա՞կ է, թե չէ, երկիրն իր դաշնակից երկրների հետ ինչ կարգի հարաբերությունների մեջ է՛՛։

Քոչարյանը համոզված է, որ երկրի նկատմամբ յուրաքանչյուր ռազմական ոտնձգություն անհնարին է դառնում, եթե ճիշտ քաղաքականություն է իրականացվում: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Մենք ունեցանք այս պատերազմը եւ այս խայտառակ պարտությունը հենց այն պատճառով, որ լիքը նման կարգի ֆունդամենտալ բաներ խաթարվել էին։ Հիմարություններ էին անում մեկը մյուսի հետեւից, ինչը մեր հակառակորդի մոտ տպավորություն ձեւավորեց, որ սա հենց այն պահն է, երբ նա կարող է իր հարցը լուծել պատերազմի ճանապարհով։

Այդ փաստաթղթի մեջ ինչ վատ բան կար, որ կարող էր կատարվել մեզ հետ, արդեն եղել է։ Սա այն դեպքը չէ, երբ մի մեծ մաս արդեն կատարվել է, իսկ հետագայում էլի ինչ-որ բան ներկայացնեն` Հայաստանին լրացուցիչ վնասներ հասցնելու համար։ Այո, այդ փաստաթուղթը չի փոխվելու, որովհետեւ դրանով Քարվաճառը, Լաչինը, ամբողջ տարածքները հանձնեցինք։ Բայց մենք կանխելու ենք լրացուցիչ խնդիրներ ստեղծող փաստաթղթերի ի հայտ գալը։

Սա միանշանակ է։ Հիմա ով ուզում է, որ մենք հայտնվենք այնպիսի իրավիճակում, ինչպիսինն է Սյունիքում ու Գեղարքունիքում, խնդրեմ, քվեարկեք այսօրվա քաղաքական թիմի օգտին։ Եվ դուք եւս մի քանի տարի երաշխավորված ունենալու եք այսօրվա իրավիճակը՛՛։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝  ստորագրվածը ոչ թե համաձայնագիր, այլ կապիտուլյացիայի ակտ է: ՛՛Վստահություն ունեմ, որ մենք ի վիճակի ենք առավելագույնը ստանալ այս ստեղծված իրավիճակից եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի համար։ Այս մարդիկ ուղղակի ընդունակ չեն։ Նույնիսկ պատճառը չգիտեմ։ Պետք է անկեղծ լինենք, որ ստորագրվածը համաձայնագիր չէր։ Դա կապիտուլյացիայի ակտ էր։ Ուղղակի, կարծում եմ, որ ռուսական կողմը, մեզ խնայելով, դրա անունը չդրեց կապիտուլյացիայի ակտ՛՛,-ասաց նա։

 

  • Կիսվել: