Փաստաբանները ի նշան բողոքի կհրաժարվեն ՀՀ պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց․ Սիմոն Բաբայան
Փաստաբանների պալատ նախագահ Սիմոն Բաբայանը հայտարարություն է տարածել, նշելով, որ այսօր՝ հունիսի 26-ին՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը անցկացնելու են բողոքի ակցիա՝ փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման առկա խոչընդոտները կանխելու, փաստաբանների խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ապահովվելու նպատակով՝ մեկ օրով հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։
«ՀՀ սահմանադրությամբ` իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով, երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:
Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:
Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, Փաստաբանների պալատի կանոնադրությամբ և փաստաբանի վարքագծի կանոնագրքով:
Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:
Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:
Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
Նշվածները` ի թիվս այլնի, մեր օրենսդրությամբ ամրագրված փաստաբանական գործունեության նվազագույն երաշխիքներն են, որոնք ուղղակի անտեսվում են:
Պետք է փաստել, որ փաստաբանների նկատմամբ վերջին շրջանում կատարված բռնության դեպքերը և դրանց պատշաճ իրավական գնահատականի բացակայությունը խոսում է Հայաստանում փաստաբանական ինստիտուտի վտանգված լինելու մասին:
Առ այսօր՝
բռնության ենթարկված փաստաբանների մասով վարույթն իրականացվում է ոչ բավարար արագությամբ, իսկ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ,
Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն շարունակում են պաշտոնավարել,
իրավասու մարմինների և պատկան միջազգային կառույցների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ շարունակվում է:
2023 թ. հունիսի 6-ին և 21-ին տեղի ունեցած փաստաբանների ակումբի նիստերում փաստաբանները ներկայացրել են իրենց վրդովմունքը և մտահոգությունները՝ բռնության դեպքերի կապակցությամբ:
Փաստաբանների պալատի ակումբի նիստերի ընթացքում մեր գործընկերները ներկայացրեցին իրավական պետությանը բնորոշ, պատկան մարմինների կողմից կատարման ենթակա, նվազագույն պահանջները որոնք նույն պես անտեսվեցին, ինչն իր հերթին ևս ցույց է տալիս ինստիտուտի նկատմամբ առկա վերաբերմունքը:
Ուստի, նման պայմաններում անհրաժեշտ է իրավաչափ միջոցներով կանխել ոտնձգությունները և պաշտպանել մեր ինստիտուտը:
Փաստաբանների պալատի հիմնական նպատակներից ու խնդիրներից է` պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում:
Վաղը` հունիսի 26-ը խորհրդանշական օր է՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է և այդ օրը տեղին է հիշեցնել մեր հասարակության կարևորոգույն ինստիտուտի՝ Փաստաբանության դերի ու նշանակության մասին:
Հետևաբար փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման առկա խոչընդոտները կանխելու, փաստաբանների խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ապահովվելու նպատակով 2023 թվականի հունիսի 26-ին իրականացնելու ենք մեկօրյա բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց»,- գրել է նա ֆեյսբուքում: