ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Փաստ»․ Անասնաբույծների ու մսավաճառների բողոքողների հռետորաբանությունը գնալով կոշտանում է, իսկ բողոքի ալիքը՝ ուժգնանում

«Փաստ»․ Անասնաբույծների ու մսավաճառների բողոքողների հռետորաբանությունը գնալով կոշտանում է, իսկ բողոքի ալիքը՝ ուժգնանում

«Փաստ» թերթը գրում է․ «Անասնաբույծների ու մսավաճառների բողոքի ակցիան երեկ ավելի մեծաքանակ էր, ու չնայած 88-ի՝ «Լենին, պարտիա, Գորբաչով» կոչերի հանգվույն դեռ հնչում են «դուխով» կոչեր, այդուամենայնիվ, բողոքողների հռետորաբանությունը գնալով կոշտանում է, իսկ բողոքի ալիքը՝ ուժգնանում:

Երեկ երկու տարբեր վայրերում նաեւ ճանապարհ էին փակել: Տարբեր խնդիրների համար: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Նախ՝ այն, որ այս իշխանությունները շարունակում են գործել աչքաչափով. նախ՝ ընդունում են որոշումներ, հետո մտածում դրանց հետեւանքների մասին:

Խոսքը միայն սպանդանոցային մորթի մասին չէ. քաղաքակիրթ ճանապարհով սննդի արտադրությանը այլընտրանք չկա, խնդիրն այն է, որ որոշումը կայացվել է առանց հաշվարկների, ինչը հանգեցրել է առկա վիճակին: Խոսքը գրեթե բոլոր որոշումների մասին է՝ սկսած առողջապահության ոլորտից մինչեւ կրթության, սոցիալական եւ այլ ոլորտներ: 

Եվ ամենակարեւորը՝ ակնհայտ է, որ երկրում առկա խնդիրները ոչ միայն լուծում չեն ստանում, այլեւ գնալով խորանում են, իսկ իշխանությունները ընդամենը մեկուկես տարում պարզապես կտրվել են իրականությունից, զբաղված են հասարակությանը համոզելով, թե ինչ առաջանցիկ տեմպերով է ընթանում «տնտեսական հեղափոխությունը», թե ինչքան լավ են սկսել ապրել մարդիկ, ինչ երջանիկ են բոլորը:

Մի խոսքով՝ իշխանավորներին «մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»: Միայն ափսոս, որ հասարակությունն այդ ամենն իր կյանքում որեւէ կերպ չի զգում, ինչի հետեւանք են օրեցօր ավելի ու ավելի մեծ ծավալների հասնող դժգոհությունները: Կյանքը Ֆեյսբուքով չի սկսվում ու ավարտվում, եթե իշխանությունները քաջություն ունենան տեղերում ծանոթանալ իրական տրամադրություններին, այն ժամանակ ավելի պարզ կլինի, թե ինչ են մտածում մարդիկ այսօրվա իշխանությունների մասին, ու թե ինչքան վարկանիշ է մնացել տակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: