կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պաշտպանը ականջի տակ հուշում է՝ «բոյկոտում ենք», և Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատանում է. Դատախազի աղմկահարույց հայտարարությունը

Պաշտպանը ականջի տակ հուշում է՝ «բոյկոտում ենք», և Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատանում է. Դատախազի աղմկահարույց հայտարարությունը

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել:

Պաշտպանական կողմը այսօր ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ պատճառաբանելով, թե Գրիգորյանի ու նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործերը անջատելով խախտվել է մրցակցային սկզբունքը, իսկ դատավորը անաչառ չէ ու կողմնակալ մոտեցում ունի: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, բնականաբար, առարկեց ներկայացված միջնորդությանը և հայտարարեց, որ պաշտպանների կողմից ներկայացված հիմնավորումը որևէ աղերս չունի քրեական գործերն անջատելու հետ:

«Եթե բերում եք մրցակցության բացակայության խնդիրը, ապա ձեզ ասեմ՝ մրցակցությունը դատարանում լինում է կողմերի միջև, իսկ կողմերը պաշտպանության ու մեղադրանքի կողմերն են, և մրցակցություն երկու ամբաստանյալի միջև որպես այդպիսին, չի լինում», -հայտարարեց դատախազը՝ համոզմունք հայտնելով, որ երկու գործերով առանձին հնարավոր է իրականացնել վերջնական դատական ակտ:

Բացի պաշտպանի միջնորդության վերաբերյալ առարկություն ներկայացնելուց, դատախազը նաև հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ. «Անընդհատ դատական նիստերում վկայակոչվում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով պայմանավորված անընդհատ ձգձվում է նիստը և այլն: Դատարանին մեղադրում են մի գործողության մեջ, որը չի բխում սույն գործով դատաքննության փաստացի հետազոտված իրավիճակներից: Ես ցանկանում եմ մի բան հայտնել:

Նախորդ դատական նիստի ժամանակ ձայնագրությունները ցույց են տալիս, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանը ցածր տոնով նշում է՝ բոյկոտում ենք, որից հետո Գրիգորյանի ինքնազգացողությունը հանկարծակի սկսում է վատանալ: Այդ ամենից հետո պաշտպանը դատարանից խնդրում է հետաձգել նիստը»: Դատախազը խորհուրդ տվեց ուսումնասիրել դատական նիստի ձայնագրառումը և անել սեփական ենթադրությունները: Նա ասաց նաև, որ քրեական գործերը առանձնացնելու որոշումը ճիշտ էր՝ դրանք ողջամիտ ժամկետում քննելու տեսանկյունից:

Այդուհանդերձ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը և հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել: Նազիկ Ամիրյանի գործն անջատվել է Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից և քննվում է առանձին: Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

  • Կիսվել: