ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պաշտոնյաների ծախսերի հայտարարագրման մասին օրինագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

Պաշտոնյաների ծախսերի հայտարարագրման մասին օրինագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ 101 կողմ, 17 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Այս անգամ փաթեթին դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Քվեարկությունից առաջ Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ նախագծի նպատակը գովելի ու ընդունելի է, բայց քննարկումների արդյունքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ։ Մասնավորապես, նրա խոսքով, օրենսդրական այս նախաձեռնությունը պարտադրում է պետական բյուջեից աշխատավարձ չստացող հանրայն ծառայողներին՝ ավագանիների անդամներին, հայտարարագրել իրենց եկամուտներն ու ծախսերը։

«Օրենքի նախագծի ազդեցության գնահատումը սոցիալական իմաստով գնահատված չէ և չգիտենք՝ բացասական իմաստով ինչ հետևանքներ կարող է այն առաջացնել։ Առաջին ընթեցրման ժամանակ դեմ կքվեարկենք՝ հույս ունենալով, որ մինչև երկրորդ ընթերցումը առկա խնդիրները կլուծվեն, և մենք կողմ կքվեարկենք», - հայտարարեց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ խոսքը կառավարության ներկայացրած «Հանրային ծառայությունների մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի մասին է, որով առաջարկվում է հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը, ապա այդ ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն դրամը։

Օրենսդրական փաթեթով սահմանվում է, որ սպառիչ թվարկված ծախսերը հետևյալն են՝ հանգստի համար կատարված ծախսերը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության ծախսերը, ուսման համար վճարվող վարձավճարները, ինչպես նաև՝ վարկի մարմանն ու անշարժ գույքի վերանորոգմանն ուղղված ծախսերը։

Նախարարը տեղեկացրել էր նաև, որ ընդհնարապես, որդեգրվել է նաև այն մոտեցումը, որ ցանկացած ծախսի տեսակ, որի մասով ծախսը կգերազանցի 2 մլն դրամը, ենթակա կլինի հայտարագրման։  Նշենք, որ կառավարության այս նախաձեռնությամբ, գույքի, եկամուտների, ինչպես նաև ծախսերի հայտարարագրման, ինչպես նաև դրանք հայտարարգրող պաշտոնյաների շրջանակն է մեծանում։ Դրանց շարքում են ընդգրկվում նաև համայնքների ավագանիները, որոնք սակայն պյուջեից չեն վարձատրվում։

  • Կիսվել: