շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պաշտոնների վերաբերյալ դեռ վաղ է խոսել, հայտարարությունը կանենք շուտով, երբ հստակ կորոշենք թեկնածուներին. Ավինյան

Պաշտոնների վերաբերյալ դեռ վաղ է խոսել, հայտարարությունը կանենք շուտով, երբ հստակ կորոշենք թեկնածուներին. Ավինյան

Ավինյանը վստահ է, որ «Հանարպետության» հետ հետընտրական դաշինքը հաջողությամբ է պսակվելու

Սա 2018-ից հետո խոշոր հետընտրական դաշինքի փորձերից մեկն է, վստահ եմ, որ հաջողությամբ է պսակվելու: Այդ մասին երդմնակալության արարողությունից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Հանրապետություն» խմբակցության հետ համագործակցության հուշագրի կնքմանը:

Անդրադառնալով պաշտոնների նշանակելու գործընթացին՝ Ավինյանն ընդգծեց, որ այդ մասին դեռևս վաղ է խոսել: Երբ որոշեն թեկնածուներին, հայտարարություն կանեն:

«Պաշտոն ստանձնելն ուղղակի աթոռների բաժանում չէ: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ, որոնք պատրաստվում են ստանձնել պատասխանատվություն, ունենան այն կարողությունները, որոնք հարկավոր են, լինի քաղաքապետ, լինի թաղապետ: Եվ այդ մարդիկ կրելու են բավականին ծանր բեռ»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ իրենց համար երևանցիների խնդիրները պետք է լինեն առաջնահերթություն:

Հարցին՝ վերանայվելո՞ւ են իշխող ուժի քաղաքականությունը և կադրային քաղաքականությունն առհասարակ, Ավինյանը պատասխանեց. «Մենք շատ խորհելու բաներ ունենք՝ այս ընտրությունների հետ կապված, և իրականում ես վստահ եմ ու համոզված եմ, որ Երևան քաղաքում այն ծրագրերը, որ իրականացնելու ենք, իրապես ի նպաստ են լինելու Երևանին և երևանցուն:

Կադրային քաղաքականությունը քարի վրա փորագրված սեպագիրը չէ, կադրային քաղաքականությունը շատ կարևոր, փոփոխվող բան է: Եվ կադրերը պետք է կարողանան ապահովել արդյունք Երևան քաղաքում և երևանցիների խնդիրները պետք է կարողանան լուծել: Ես ինքս շատ արդյունքամետ մարդ եմ, այսինքն՝ չափում եմ յուրաքանչյուր կադրի աշխատանքն իր տված արդյունքով»:

Հարցին՝ ինչպե՞ս է տոնելու քաղաքապետն իր ընտրությունը, Տիգրան Ավինյանը նախ հիշեցրեց, որ հրավառությունները Երևան քաղաքում արգելված են, և որ հրավառություն կարող է լինել միայն պետական տոներին և կարևոր իրադարձությունների ժամանակ, ապա այս համատեքստում հավելեց. «Երևանի քաղաքապետի երդմնակալությունը կարևոր իրադարձություն է, բայց ոչ այնքան կարևոր, որ Երևան քաղաքում հրավառություն լինի»:

  • Կիսվել: