երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պաշտոնատար անձանց կողմից կեղծ հայտարարագրեր ներկայացնելու հիմքով քրգործերի թիվն աճել է

Պաշտոնատար անձանց կողմից կեղծ հայտարարագրեր ներկայացնելու հիմքով քրգործերի թիվն աճել է

Հայաստանում պաշտոնատար անձի կողմից գույքի, ուենցվածքի, եկամուտների հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով 2021-ի առաջին 10 ամիսներին հարուցվել է 11 քրեական գործ։ Դրանցից 10-ը քննվում են նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ 1-ը՝ Ազգային անվտանգության ծառայությունում։

Այս մասին «Լուրեր»-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։ 2020-ին նույն հատկանիշներով հարուցվել էր 6 քրեական գործ, 2019-ին՝ 2-ը, 2018-ին՝ 3-ը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ հայտարարագիր չներկայացնելու հետ կապված գործերը 2018-2020 թվականներին եղել են ընդամենը 2-ը՝ 2-ն էլ 2018 թվականին։ 2019, 2020 թվականներին և այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում այս հատկանիշներով քրեական գործեր, ըստ դատախազության տեղեկատվության, չեն եղել։ Այս երկու թվերի համադրությունից պարզ է դառնում, որ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերի հետ կապված քրեական գործեր հիմնականում հարուցվում են ոչ թե դիտավորությամբ դրանք չներկայացնելու հատկանիշներով, այլ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներառելու հատկանիշներով։

Կեղծ հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ միակ գործը, որ հասել է դատարան, վերաբերում էր «Ծառուկյան» դաշինքի նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին ու նրա որդուն։ «Լուրեր»-ը անդրադարձել էր այս գործին ու դրա դատական ելքին՝ մասնավորապես, որ դատարանը որոշել էր դադարեցնել Հրանտ Դավթյանի ու նրա որդու նկատմամբ քրեական հետապնդումը՝ իրադրության փոփոխության հիմքով։ Նախկին պատգամավոր Դավթյանը չէր հայտարարագրել 6 միավոր անշարժ գույք և 1.8 միլիոն դրամ։ Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 24-ին հաղորդել էր, որ դատարանի որոշումն անհիմն է, ու նախապատրաստում է Վերաքննիչում դրա բողոքարկումը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, «Լուրեր»-ի հարցին պատասխանելով ու ներկայացնելով հարուցված վարույթների մասին տվյալները, նշել է. «Հանձնաժողովի ստեղծման պահից ի վեր հայտարարագրերի վերլուծության արդյունքում հայտնաբերված հայտարարագրման ենթակա անհամապատասխանությունների հիմքով հարուցվել է 14 վարույթ»։ Դրանցից 2-ը հարուցվել են 2020-ի ընթացքում, իսկ 12-ը՝ 2021-ի ընթացքում։ «Տեղեկացնում ենք նաև, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքով հանձնաժողովի կողմից 2021-ի ընթացքում Գլխավոր դատախազություն են ուղարկվել նաև թվով 5 հայտարարագրի վերլուծության վերաբերյալ նյութեր, որոնցից մեկը՝ նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թույլատրելի սահմանաչափը գերազանցող գումարը կանխիկ ձևով նվիրատվություն ստանալու դեպքի առթիվ»,- նշել են հանձնաժողովից։ Այդ հոդվածը վերաբերում է այն դեպքին, երբ հայտարարագիր ներկայացնողը պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր չի տրամադրում իր հայտարարագրի հետ կապված, կամ տրամադրված նյութերը «բավարար չեն առկա կասկածները փարատելու համար»։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նաև տեղեկացրել է, որ «իրավահաջորդության կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից չեն փոխանցվել հայտարարագրերի վերլուծության արդյունքները»։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը պաշտոնատար անձանց հայտարարագրերում կեղծ տվյալներ ներառելու հիմքով քրեական գործերի աճի մասին խոսելով՝ ասաց. «Դրա առաջին, ամենաակնհայտ պատճառը կարող է լինել այն, որ որոշ չինովնիկներ թաքցնելու բան ունեն: Այդ գործերի վիճակագրությունը պիտի լրջորեն վերլուծվի։ Պիտի հասկանալ՝ գործերը դատարան հասնում են թե չեն հասնում, կարճվում են թե չեն կարճվում։ Կարող է լինել նաև նախաքննական մարմնի ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը»։

Փորձագետը հիշեցնում է նաև, որ բացի գույքի ու եկամուտների մասին տվյալներից՝ բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են ներկայացնել նաև շահերի հայտարարագիր, իսկ առաջիկայում նաև՝ ծախսերի հայտարարագիր, ու սա ևս կարող է քրեական գործերի աճի պատճառ դառնալ։

  • Կիսվել: