ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական շփումների մեկնարկը. Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ

Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական շփումների մեկնարկը. Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտնել է, որ պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով երկրների միջև շփումների մեկնարկը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր տարածաշրջանը պետք է զարգանա խաղաղության և կայունության ուղղությամբ։ Այդ նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը:

Մենք ողջունում և աջակցում ենք հայ-թուրքական շփումների մեկնարկին, որոնց նախաձեռնողը Թուրքիան է։ Հավատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նաև պայմանավորում է ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորումը՛՛:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ տեղակալի՝ վստահության ամրապնդման համար պետք է երկրների միջև բացվեն հաղորդակցությունները:

՛՛Եթե Հայաստանն ուզում է դուրս գալ այսօրվա ծանր սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամից, ապա, բնականաբար, նա պետք է փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում, բարի մտադրություններ ցուցաբերի, գնա հարաբերությունների կարգավորման ճանապարհով, հրաժարվի թշնամանքից, շահի հարևան երկրների վստահությունը։

Վստահության վերականգնման համար երկրները պետք է ճանաչեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը՛՛,-ասել է Խալաֆովը։

Ավելի վաղ տեղելացրել էինք, որ  երեկ՝ հունվարի 14-ին, Մոսկվայում կայացել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

 

  • Կիսվել: