ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Պաշտոն չենք տալիս ոչ մեկին, առաջարկում ենք ստանձնել պատասխանատվություն». ԱՀ նախագահ

«Պաշտոն չենք տալիս ոչ մեկին, առաջարկում ենք ստանձնել պատասխանատվություն». ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կադրային նոր նշանակումներին և կառավարությում սպասվող կառուցվածքային փոփոխություններին:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում բանակցություններ են ընթացել տարբեր քաղաքական ուժերի հետ: Քաղաքական ամենամեծ ձեռքբերումը Ա. Հարությունյանը համարում է «Միասնական հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռքբերված պայմանավորածությունը, որը հուշագրի տեսքով ներկայացվել է հանրության դատին:

Հետագա համագործակցության առումով նորընտիր նախագահն առանձնացնում է նախագահական ընտրություններին մասնակից թեկնածու, ներկայիս արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպումների արդյունքում գրանցած հաջողությունները: Միաժամանակ, Ա. Հարությունյանը նշել է, որ համերաշխության ու միասնականության օրակարգը, որը ներկայացվել է իրենց կողմից, այդ ամենի ապացույցն է:

«Մեր մնացած քաղաքական գործիչներին կոչ կանեի չվիրավորել պետականաշինության գործում դեր ունեցած մեր հայրենիքի զավակներին: Մի՛ փորձեք ազգի ապագայի, մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորվածության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել: Պաշտոն չենք տալիս ոչ մեկին, և պաշտոն չենք տալու ոչ մեկին: Մենք առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ: Ապրում ենք ճակատագրական ժամանակահատվածում, և այս առումով մեր առաքելությունը չենք իրականացնելու պաշտոնով: Իսկ այն քաղաքական ուժերը և գործիչները, ովքեր ստացել են հանրության վստահության քվեն, իրենց մասնաբաժնով մասնակցություն կունենան երկրի կառավարման գործին»,- նշել է Ա. Հարությունյանը:

Քաղաքական պայքարի արդյունքում ձևավորվել է քաղաքական նոր դաշտ և, ըստ նորընտիր նախագահի, այդ դաշտի խաղացողների հիմնական նպատակը պետք է լինի Արցախի ապագան:

Ա. Հարությունյանը կրկին հիշեցրել է, որ համագործակցելու են բոլորի հետ անխտիր՝ միասնության ու համերաշխության ընդհանուր օրակարգի շուրջ:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Արցախի Նախագահը տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 12:00-ին, պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կանցկացնի ընդլայնված կազմով խորհրդակցություն, որի ընթացքում նրանցից շատերին հրաժեշտ կտան: Օրվա ընթացքում էլ կլինեն նոր նշանակումներ, մի քանի օրերի ընթացքում կառավարության կազմում նշանակումները կամբողջացվեն:

«Արդեն հունիսի 1-ից բերքահավաքի կարևոր ժամանակահատվածում կունենանք ձևավորված նոր կառավարություն: Կլինեն նոր նախարարների նշանակումներ, բացի դրանից, փոփոխություններ կլինեն վարչակազմերի ինստիտուտներում: Ի դեպ, ուղիղ 9:00-ին բոլոր պաշտոնյաները պետք է լինեն իրենց աշխատասենյակներում և պահպանեն աշխատանքային գրաֆիկը: Կատեգորիկ արգելվելու է շռայլություններից օգտվելը: Եվ այս ամենը լինելու է իմ ուշադրության կենտրոնում: Բոլորի աշխատանքում հաշվետվողականությունը պետք է լինի գլխավոր պայմաններից մեկը»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: