ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը վերջին «100 փաստում» մանիպուլացրել է աղետի գոտում բնակարաններով ապահովման տվյալները․ Fip.am

Փաշինյանը վերջին «100 փաստում» մանիպուլացրել է աղետի գոտում բնակարաններով ապահովման տվյալները․ Fip.am

Այս տարվա հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապան քաղաքում լրագրողների հետ հանդիպմանը հերթական 100 փաստը ներկայացնելիս, խոսելով աղետի գոտու տուժած ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրի մասին, հայտարարել էր, որ 2020 թ. կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 453 ընտանիքների բնակարանի խնդիրը։

«1989 թվականից ձգվող, կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020 թ․ բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան 6 անգամ ավելացել են, և 2020 թ․ բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ։ Արդյունքում 2020-ին կլուծվի 453 ընտանիքի բնակարանի խնդիրը»,- հայտարարել էր վարչապետը։

Դեկտեմբերի 7-ին Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ այս տարի բնակարանով է ապահովվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 229 ընտանիք։

«2020-ին այս խնդիրը լուծելու համար պետբյուջեից հատկացվել էր 3 մլրդ դրամ, որի շնորհիվ կառուցվել են կամ կառուցման տարբեր փուլերում են գտնվում 229 ընտանիքի բնակարաններ»,- նշեց Արզումանյանը։

Հաշվի առնելով, որ տարվա ընթացքում լուծվել է ընդամենը 229 ընտանիքի բնակարանի ապահովման խնդիրը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչու՞ չի կատարվել տարվա սկզբին վարչապետի կողմից խոստացված 453 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու խոստումը։

Նախապատմությունը

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու այս ծրագիրը մեկնարկել 2008 թվականին, որով պետությունը պարտավորություն էր ստանձնել բնակարանով ապահովել աղետի գոտու 5406 ընտանիքի։

Ըստ Տանյա Արզումանյանի՝ վերջին 3 տարում մնացել էր բացառապես գյուղական բնակավայրերի ընտանիքներին բնակարանով ապահովման հարցը։

Նախորդ տարի այս խնդրի լուծման համար պետբյուջեից հատկացվել էր 560 միլիոն դրամ, որի շրջանակում լուծվել էր 61 ընտանիքի բնակարանային խնդիր։ Ավարտին էին հասցվել նաև նախորդ տարիներից կիսատ մնացած 31 բնակարանի կառուցման աշխատանքները։

Արզումանյանի խոսքով՝ բնակարանի խնդիր ունեցող ընտանիքների շրջանում կատարված հարցման արդյունքում 227 ընտանիք բնակարանի կառուցման փոխարեն նախընտրել էր պետությունից ստանալ բնակարանի գնման վկայագրեր։ 

Այս նպատակով կառավարությունը 2019 թ․ նոյեմբերի 14-ի նիստում որոշում էր կայացրել պահուստային ֆոնդից մոտ 1․3 մլրդ դրամ հատկացնել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին։

Այսպիսով, նախորդ տարի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու համար հատկացվել էր, ընդհանուր առմամբ, 1․85 միլիարդ դրամ, իսկ բնակարանով ապահովվել էր 319 ընտանիք

Եվ, փաստացի, արդեն 2020-ին կառավարությունը պարտավորություն ուներ 226 ընտանիքի նկատմամբ, որոնք բնակարանի գնման վկայագրի փոխարեն նախընտրել էին կառուցել այն։

2020-ին կատարված աշխատանքները

Կառավարությունը աղետի գոտու տուժած ընտանիքների հանդեպ պարտավորությունը կատարելու նպատակով 2020 թ․ բյուջեով հատկացրել էր 3 միլիարդ դրամ։

Քանի որ նախորդ տարի 227 ընտանիքի բնակարանի գնման վկայագրերի տրամադրման որոշում արդեն իսկ կայացվել էր, արդյունքում չլուծված էր մնացել 226 ընտանիքի բնակարանների կառուցման հարցը, մինչդեռ Տանյա Արզումանյանի խոսքով՝ այս տարի կառուցվել կամ դեռևս կառուցման փուլում է 229 ընտանիքի բնակարան։

Քաղաքաշինության կոմիտեից Fip.am-ին հայտնեցին, որ նախորդ տարվա 226-ին ավելացած երեքն այն ընտանիքներն են, որոնք դատական կարգով ապացուցել էին, որ հանդիսանում են ծրագրի շահառու։

Վարչապետի մանիպուլյացիան

Ինչպես նշեցինք վերևում, վարչապետն այս տարվա սկզբին հայտարարել էր առաջիկա տարում 453 ընտանիքներին բնակարանով ապահովելու մասին, որի համար բյուջեից հատկացվել էր 3 մլրդ դրամ։ Մինչդեռ, ինչպես պարզվեց, այդ ընտանիքների կեսի դեպքում նախորդ տարվա բյուջեից 1․3 մլրդ դրամ արդեն իսկ հատկացվել էր և այս տարվա բյուջեով հատկացված գումարը ուղղվելու էր անօթևան ընտանիքների մյուս կեսի բնակարանների կառուցմանը։

Վարչապետը 227 ընտանիքի բնակարանով ապահովելու լուծված հարցը ներկայացրել է և՛ արդեն իսկ կատարված աշխատանքների ցանկում, և՛ 2020-ին կատարվելիք աշխատանքների ցանկում։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի մեկ այլ պնդմամբ՝ նախկինում բնակարաններով էին ապահովվել չնչին թվով ընտանիքներ։ «Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է 40-45 աղետից տուժած ընտանիք։ Այսինքն՝ 10 անգամ ավելանում է այդ ծավալը»,- հայտարարել էր վարչապետը։

Մինչդեռ, ինչպես ներկայացրել է Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը և հայտարարել է Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը, ծրագրի մեկնարկից մինչև 2017 թվականը ներառյալ, բնակարաններով են ապահովվել 4838 ընտանիք, այսինքն տարեկան միջինում 483 ընտանիք։ Ինչը մոտ տասն անգամ ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի հայտարարած ցուցանիշը։

Ամփոփելով՝ փաստենք, որ տարեսկզբին վարչապետի կողմից հայտարարված՝ 453 ընտանիքներին բնակարանով ապահովման մասին հայտարարությունը թեև ճիշտ է, սակայն դրա կեսի ֆինանսավորումն արդեն իսկ կատարվել էր նախորդ տարի, իսկ նախկինում յուրաքանչյուր տարի 40-45 ընտանիքի բնակարանով ապահովելու մասին հայտարարությունը կեղծ էր և նվազեցված ավելի քան 10 անգամ։

  • Կիսվել: