կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Փաշինյանը պնդում է, որ դա 100 տոկոսով համապատասխանում ՀՀ ազգային շահերին, ուրեմն ի՞նչն է խնդիրը, որ չի լուսաբանվում գոնե խորհրդարանական ուժերին. Մարուքյան

Փաշինյանը պնդում է, որ դա 100 տոկոսով համապատասխանում ՀՀ ազգային շահերին, ուրեմն ի՞նչն է խնդիրը, որ չի լուսաբանվում գոնե խորհրդարանական ուժերին. Մարուքյան

Միայն վարչապետի պաշտոնակատարի ստորագրությամբ սահմանազատման վերաբերյալ նոր փաստաթուղթը չի կարող ուժի մեջ մտնել, խորհրդարանն այն պետք է վավերացնի: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ՛՛2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի ներկայացման ժամանակ:

Մարուքյանի պնդմամբ՝ միջազգային որևէ պայմանագիր առանց խորհրդարանի վավերացման չի կարող իրավական ուժ ունենալ: Հայտարարության տեքստն ընթերցելիս Մարուքյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում՛՛:

Նա նաև հավելեց, որ  նոյեմբերի 10-ից հետո բոլորը ծանր ապրումներ են ունեցել և շարունակում են ունենալ, և տրամադրությունները բնավ նախընտրական չեն:

՛՛Այս իրավիճակում ինչու՞ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բանակցում է մի փաստաթուղթ, որի մասին իմանում ենք ոչ պաշտոնական տեղեկատվական աղբյուրներից: Եթե բանակցվում է, և երկու կողմն էլ փաստաթղթի հետ պրոբլեմ չունեն, վարչապետի պաշտոնակատարը պնդում է, որ դա 100 տոկոսով համապատասխանում ՀՀ ազգային շահերին, ինչու՞մն է խնդիրը, որ դա չի լուսաբանվում գոնե խորհրդարանական ուժերին՛՛,-ասաց նա՝ հարցնելով, թե ինչու որևէ ֆորմատով՝ փակ, բաց, կիսափակ, որևէ ռեժիմով քննարկում չի լինում:

ՀԿ ղեկավարի խոսքով՝ փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն տարածվելուց հետո հայ ժողովուրդը ոչ քուն ունի, ոչ դադար. ՛՛Սրա պատասխանն ո՞վ է տալու: Եվ խորհրդարանական ընդդիմությունն իր ձեռքի տակ եղած միակ լծակն օգտագործել, հրավիրել է արտահերթ նիստ և հիմա պետք է մեր ժողովրդին տանք բացատրություններ՝ այս հարցերի վերաբերյալ, որոնք բարձրացրեցի՛՛:

Նշենք, որ ավելի վաղ կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին, նշել էր, որ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։

՛՛Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն՛՛,-նշել էր նա

 

  • Կիսվել: