Փաշինյանը՝ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի մասին. Մենք չպետք է բռնապետության վերածվենք
2018 թվականի թավշյա հեղափոխությունից և 2020 թվականի ողբերգական իրադարձություններից հետո (Արցախի պատերազմ-խմբ.), արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ամենամեծ եզրակացությունն այն է, որ ՀՀ քաղաքացիների կարևորագույն պահանջն արդարությունն է, որպեսզի երկրում արդարադատություն լինի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայ հայրենակիցների հարցերին։
20 տարի Գերմանիայում ապրած մի հայ հարց հնչեցրեց, թե ինչու Փաշինյանն այժմ պողպատե մուրճով չի ջարդում «նախկիններին». «Երբ արդարությունը վերականգնվի, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ օրինական պատիժներ կկայացվեն»։
«Պիտի նաև խոստովանեմ, որ կա այդպիսի ըմբռնում, որ մի քանի քրեական կամ ոչ քրեական գործեր մարդիկ ընկալում են որպես արդարության ինդիկատոր: Մարդկանց մի խմբի համար այդ ցուցիչն այս խումբ մարդիկ են, մեկ այլ խմբի քաղաքացիների համար՝ այլ խումբ մարդիկ, եթե այդ մարդիկ ազատության մեջ են, ուրեմն Հայաստանում արդարության չկա, եթե չլինեն ազատության մեջ, Հայաստանում կլինի արդարություն: Հեղափոխությունից հետո այդ մթնոլորտն էլ, հնարավորությունն էլ կար, որ հրապարակում հավաքված ժողովրդի հետ գնայինք և տեղում իրականացնեինք ժողովրդի պատկերացրած արդարությունը կամ արդարադատությունը: Գուցե դա կլիներ սրտի հովանք, բայց, կարծում եմ, որ մենք այսօր այդ պարագայում շատ ավելի մեծ պրոբլեմներ կունենայինք և երկրում պետական ինստիտուտների ջախջախված լինելու փաստի առաջ կկանգնեինք: Ես միշտ էլ այդ օրակարգն ընդունել եմ և այսօր էլ ընդունում եմ իմ պարտավորությունը, որ երկրում պետք է լինի արդարություն, բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ արդարությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, ոչ թե մենք կառավարությունով, ժողովրդով, խորհրդարանական մեծամասնությամբ գնանք իրագործենք մեր պատկերացրած արդարադատությունը, այլ երկրում արդարադատությունը պետք է լինի ինստիտուտ: Այդ ինստիտուտի կայացման գործում մենք վերջին տարիներին ահռելի մեծ գործ ենք արել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ չի ցանկանում որևէ հայտարարությամբ որևէ հնարավոր դատավճռի օրինականությունը կամ անաչառությունը կասկածի տակ դնել: «Ես չեմ կարող վճռել. ոչ թե իմ ներսում կարծիք չունենալու իմաստով, ոչ թե չեմ կարող քաղաքական վճռականության կամ ընդհանրապես վճռականության պակասի իմաստով, այլ իշխանության ամենակարևոր հատկությունը պետք է լինի զսպվածությունը և ինքդ քեզ սահմանափակելու հատկապես ժողովրդավարական իշխանության կարողությունը: Այլ բան է, երբ որ դու ընդդիմադիր քաղաքական գործիչ ես կամ հեղափոխական, հեղափոխության առաջնորդ, այլ բան է, երբ որ դու վարչապետ ես: Երբ որ դու վարչապետ չես, դու կարող ես անել ցանկացած բան, ինչն արգելված չէ օրենքով, երբ որ դու վարչապետ ես կամ պաշտոնյա, ըստ մեր Սահմանադրության` դու կարող ես անել միայն այնպիսի բաներ, որոնց համար լիազորված ես օրենքով: Մարդիկ կան, ասում են՝ մոռացար՝ ինչ էիր ասում, ո՛չ, ոչ մի բան էլ չեմ մոռացել, այլ բան է՝ այն ասելու ժամանակ ես մարդ էի, որն իրավունք ուներ անել ցանկացած բան, որն արգելված չէր օրենքով, իսկ այժմ մարդ եմ, որը կարող է անել այնպիսի բաներ, որոնք թույլատրված են օրենքով»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր միջազգային ասպարեզում մեր թիվ մեկ խաղաքարտը ժողովրդավարությունն է, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը: «Պետք է ինստիտուտներ ստեղծենք և նրանց առաջ դնենք խնդիրներ, պահանջենք արդարություն և արդարադատություն: Քաղաքական նպատակ չի եղել, չկա և չի լինելու պատժել կոնկրետ մարդու, քաղաքական նպատակ է լինելու երկրում ունենալ արդարադատություն»,- ասաց նա:
«Ես ընդունում եմ, որ ներքին քաղաքականության առումով ամենամեծ պահանջը արդարությունն է և արդարադատությունը, և ես ընդունում եմ, որ մենք այս պահի դրությամբ չենք կարող ասել, որ ժողովրդի այդ ակնկալիքը տեղ ենք հասցրել, իրագործել ենք, և հիմա ունենք այդ արդյունքը ձևավորված, որը կարող ենք մատուցել հանրությանը: Բայց ես ուզում եմ նաև հիշեցնել, որ հեղափոխության խոստումների մեջ էր, որ վենդետաներ, սեփականության վերաբաշխում չեն լինելու: Դա սիրո և համերաշխության հեղափոխություն էր, ափսոս, որ հետագա իրադարձությունները սիրո և համերաշխության մթնոլորտն ինչ-որ առումով խաթարեցին, բայց արդարությունը և արդարադատությունը ՀՀ-ում պետք է հաղթեն, և այլ տարբերակ պարզապես չկա»,- նշեց վարչապետը:


