ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը կարևորում է տարածաշրջանային կոմունիկացիաների, հաղորդակցության ուղիների բացումը

Փաշինյանը կարևորում է տարածաշրջանային կոմունիկացիաների, հաղորդակցության ուղիների բացումը

Տարածաշրջանային կոմունիկացիաների, հաղորդակցության ուղիների բացումը շատ կարևոր է։  Այս մասին Լիտվայի վարչապետ  Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է հետևողական լինենք մեր հռչակած և որդեգրած օրակարգում, նաև մանրամասնենք մեր պատկերացումները բոլոր հարցերի լուծման վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների, հաղորդակցության ուղիների բացումն այս առումով շատ կարևոր է: Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պիտի որդեգրվեն, որոնք ոչ թե խորացնեն մեկուսացումը տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին միմյանցից, այլ ընդհակառակը՝ նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն:

Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ըստ էության սկսել է ակտիվացնել իր գործունեությունը: Պիտի արձանագրեմ, որ դրական եմ համարում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որը, իմ կարծիքով, պիտի մեկնարկի դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ, և, իհարկե, գերիների, պատանդների և այլ պահվող անձանց օր առաջ վերադարձը շատ կարևոր խնդիր է»,- մասնավորապես, նշեց վարչապետ Փաշինյանը։

  • Կիսվել: