շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում

Փաշինյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ջանքերում

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի շրջանակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և այդ օրերին հայ ժողովրդի հետ Ֆրանսիայի դրսևորած համերաշխությանը՝ նա հիշեցրեց, որ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ և անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին:

«Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունած բանաձևերում: Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի բարձր գնահատականը Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանը ու տնտեսական համագործակցության խթանմանը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ չնայած Հայաստանի կրած կորուստներին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է Եվրոպան՝ ի դեմս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, երկու երկրները կշարունակեն ամրապնդել հայ-ֆրանսիական բարեկամությունը:

  • Կիսվել: