Փաշինյանը ամրապնդում է թուրքերի նարատիվը, որ Ցեղասպանությունը կամ չի եղել, կամ մեր մեղքով է եղել. Չալաբյան
Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձավ Հայոց ցեղասպանության, այսպես ասած, հիմքերին, հռետորական հարցեր բարձրացնելով նրա մասին, թե մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է այդ ցեղասպանությունը տեղի ունեցել, կամ ինչո՞ւ և ինչ պայմաններում է այդ ցեղասպանությունը հայտնվել Խորհրդային Հայաստանի քաղաքական օրակարգում և այլն։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
«Հիմա կարող է թվալ, որ այդ հարցերը անմեղ են և ավելի շուտ պատմական հետաքրքրություն են ներկայացնում, բայց իրականությունը այն է, որ այդ հարցերի շարանը ի վերջո տանում է նրան, որ Հայաստանում ամրապնդվի այն թուրքական նարատիվը, որ կամ ցեղասպանություն չի եղել, կամ եթե նույնիսկ եղել են հայերի կոտորածները, ապա հենց հայերն են մեղավոր այդ կոտորածների մեջ։
Թուրքերը անընդհատ են դրա մասին ասում, և հիմա մենք ունենք մի իրականություն, երբ Հայաստանում գործող իշխանությունը փորձում է այդ թուրքական խոսույթը, այդ թուրքական պատումները պարտադրել մեր ժողովրդին: Ընդ որում, դա անում է մաս-մաս, կաթիլ-կաթիլ, որպեսզի աստիճանաբար մեր գիտակցությունը թունավորելով մեր մեջ կասկած սերմանի նրա մասին, թե արդյոք ընդհանրապես ցեղասպանությունը եղել է, թե չէ, կամ ո՞վ էր դրանում մեղավոր, կամ կարո՞ղ է՝ զոհն էր մեղավոր, ոչ թե դահիճը»,- հայտարարեց Չալաբյանը: