շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաշինյանը՝ ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի հնարավորության մասին

Փաշինյանը՝ ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի հնարավորության մասին

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաեւ ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադարձի հնարավորությանը:

Լրագրողը, մասնավորապես, հարց ուղղեց. «Այս պայմաններում, երբ տեսնում ենք, որ Հայաստանը բանակցություններում պարբերաբար հետ է քաշվում իր սահմանած կարմիր գծերից, զիջում է իր իրավունքները, ՀՀ քաղաքացիներն ինչպես կարող են վստահ լինել, որ մի օր չեն ունենա ադրբեջանցի հարեւաններ, որոնց իրավունքները կպաշտպանեն իրենց կողմից ընտրված միջազգային դիտորդներ եւ իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորություն ստացած Ադրբեջանի Հանրապետություն ՀՀ տարածքում»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դուք այդքան հայտարարություն արեցիք, բայց չհիշատակեցիք, որ Հայաստանում Ադրբեջանից փախստականների կազմակերպություններն իրենց հերթին հանդես են եկել հայտարարությամբ, ԼՂ-ից եւ հարակից շրջաններից փախստականներ հանդես են եկել իրենց հայտարարությամբ: Եթե մեր լրատվամիջոցներն ավելի շատ Ադրբեջանի նարատիվն են տարածում, քան Հայաստանի կառավարության, ի՞նչ վստահություն կարող են ունենալ: Մեծ վստահություն կարող ենք ունենալ, որովհետեւ ՀՀ կառավարությունը այդ քաղաքականությունը եւ այդ նարատիվը համարում է տարածքային նկրտում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, մենք բազմաթիվ տվյալներ ունենք, որ ՀՀ-ում ապրող ադրբեջանցիները կամավոր հեռացել են, այդ թվում՝ իրենց բնակարանները վաճառելով, Հայաստանի կառավարությունից փոխհատուցում ստանալով: Բայց մենք ունենք փաստեր, որ Սումգայիթում, Բաքվում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ հայերը նույնիսկ կիսամերկ վիճակում փախուստի են դիմել՝ փրկելու համար իրենց կյանքը»:

Լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանի կողմից դա կատարվում է պետական քաղաքականությամբ, որ այդ հարցը բերվել է բանակցային օրակարգ, որ դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Փաշինյանն արձագանքեց. «Իսկ դուք տեղյա՞կ եք, որ մեր փախստականների կազմակերպությունները նամակներ են հղել միջազգային կազմակերպություններին, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ...»:

 

  • Կիսվել: