երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Փաշինյանը 2018 թվականին խնդրել է Ալիևին իջեցնել սահմանային լարվածությունը․ Հայկ Մամիջանյան

Փաշինյանը 2018 թվականին խնդրել է Ալիևին իջեցնել սահմանային լարվածությունը․ Հայկ Մամիջանյան

2018 թվականին գալով իշխանության՝ Նիկոլ Վովայի Փաշինյանն ուլտիմատում է դրել համանախագահների առաջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

«Պատերազմից խուսափելու և իրական ագրեսորի բացահայտման տեսանկյունից, չեմ կարող չհիշատակել Փաշինյանի կողմից Դուշամբեում զոհած, իսկ իրականում ներքաղաքական դիվիդենտների համար զիջման տված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի  պայմանավորվածությունները: Թարմացնեմ բոլորիս հիշողությունը: Հայտնի դարձավ, որ 2018 թվականին Փաշինյանն Ալիևին խնդրել է իջեցնել լարվածությունը շփման գծի երկայնքով՝ պատճառաբանելով, որ ունի ներքաղաքական խնդիրներ լուծելու: Փառք Աստծո, դրա արդյունքում հայ զինվորի կյանքեր են փրկվել, բայց դրա դիմաց Փաշինյանը հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի  պայմանավորվածություններից, որոնք հնարավորություն էին տալիս շփման գծի երկայնքով մշտադիտարկման սարքեր կիրառել, որի արդյունքում ավելի շատ կյանքեր կարող էին փրկվել», - շեշտեց նա և ավելացրեց․ 

«Փաշինյանը հիմա էլ մեջբերում է Բելովեժյան համաձայնագիրը։ Հայտարարում եմ՝ ո՛չ Ալմա-Աթայի, ո՛չ Բելովեժյան համաձայնագրերն Արցախին վերաբերելի չեն, որովհետև Արցախն արդեն իսկ անկախացել էր։ Եթե այդ համաձայանագրերը բանակցային հիմք կարող էին լինել, ինչո՞ւ դրանք մինչև հիմա երբեք չեն շրջանառվել։ Դրանք շրջանառության մեջ մտան Փաշինյան և Արարատ Միրզոյանի դիվանագիտության շնորհիվ»։

  • Կիսվել: