ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին

Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին, տեղեկանում ենք վարչապետի լրատվության բաժնից։

Վարչապետը ողջունել է կոնգրեսականի այցը Հայաստան եւ Արցախ ու վստահություն հայտնել, որ այս այցն էլ ավելի կամրապնդի պարոն Փալոնի կապը հայ ժողովրդի հետ:  Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել կոնգրեսականի գործունեությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, հայկական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում: Վարչապետն անդրադարձել է նաեւ Կալիֆորնիա կատարած իր այցին եւ վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի մեր երկրի եւ ԱՄՆ խոշորագույն նահանգներից մեկի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Կոնգրեսական Փալոնը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ եւ մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացներով: Նա ընդգծել է, որ շարունակելու է ակտիվ ջանքերը երկու երկրների միջեւ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու, Հայաստանին եւ հայ ժողովրդին իր ակտիվ գործունեությամբ աջակցելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին, դրա իրականացման գործում ԱՄՆ կառավարության հետ գործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

  • Կիսվել: