հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանն իրականացնում է աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն` Հայաստանի և Արցախի շահերի հաշվին. Թևանյան

Փաշինյանն իրականացնում է աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն` Հայաստանի և Արցախի շահերի հաշվին. Թևանյան

Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշակի խնդիրներ, որոնք ուզում են օգտագործել մեր հակառակորդները: Այս մասին այսօր ՛՛Հայաստանն ու ՌԴ եւ Արեւմուտքի գլոբալ հակամարտությունը՛՛ թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ռուսական կողմի համար գլխավոր խնդիրը Կրեմլի կոմունիկացիան է հայ հասարակության հետ, իսկ ավելի կոնկրետ` այդ կոմունիկացիայի լրիվ բացակայությունը: Ավանդականորեն Կրեմլի համար գլխավոր դաշնակիցը եղել են իշխող ուժերը, իսկ մյուս ուժերի, առավել եւս՝ հասարակության հետ ռուսական իշխանությունները աշխատել են երկրորդ հերթին: Ուկրաինայում ստեղծված իրավիճակը նույնպես ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ չեն աշխատում հասարակության հետ՛՛:

Ըստ նրա՝ դեռ 2018 թվականին Բոլթոնի այցի ժամանակ էր պարզ, թե ինչպիսի է լինելու իշխանությունների գործողությունների քարտեզը:

՛՛Բոլթոնը Փաշինյանին դեռ 2018 թվականին էր ասել, թե ինչպես պետք է հրաժարվել Իրանի եւ Ռուսաստանի հետ ստրատեգիական հարաբերություններից, դրա փոխարեն հարաբերություններ կառուցել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ` նույնիսկ հայկական արխետիպային մտածողությունը փոխելու հաշվին: Բոլթոնի տված դասը Փաշինյանն ամբողջովին յուրացրել է, նույնիսկ կարելի է ասել՝ գերակատարել է, եւ դրա հետեւնաքը դարձավ ԼՂ ողջ բանակցային գործընթացի ոչնչացումը, որն իր հերթին 2020 թվականի պատերազմի հիմքը դարձավ:

Պարտությունը պատերազմում փոխեց տարածաշրջանի ռազմաքաղաքական բալանսը, Հայաստանը Փաշինյանի պատճառով կորցրեց իր դիրքը տարածաշրջանում: Մենք կարող էինք կորցնել ողջ Արցախը եւ միայն Պուտինի ջանքերի միջոցով կարողացանք կանխել այդ արհավիրքը՛՛,-նշեց Թեւանյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ԼՂ հարցը կարող է լուծվել միայն Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան բանակցությունների միջոցով. ՛՛Նիկոլ Փաշինյանը հիմա շատ վտանգավոր քայլ է արել, նա Ռուսաստանի օգնությամբ համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, սակայն ցանկանում է հայ-ադրբեջանական եւ Արցախի հարցը լուծել արեւմտյան հարթակներում: Պրահայում կատարվածը բերեց Լաչինի միանցքի փակմանը, Պրահայի գործընթացն ուղղված է ռուս խաղաղապահների դուրսբերմանը Արցախից, եթե հավելենք Փաշինյանի այն հայտարարությունը, որ ռուսական 102-րդ ռազմաբազան սպառնալիք է ՀՀ-ի համար, ապա կարող ենք ասել, որ դա Բոլթոնի ծրագրի իրականացումն է: Փաշինյանն իրականացնում է աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն` Հայաստանի եւ Արցախի շահերի հաշվին՛՛:

  • Կիսվել: