հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Փաշինյանն առաջարկում է, որ երկաթուղու կառավարումը գնի Հայաստանի ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր

Փաշինյանն առաջարկում է, որ երկաթուղու կառավարումը գնի Հայաստանի ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր

Կան ուժեր, որոնք ուզում են, որ TRIPP-ի շրջանակներում երկաթուղին շրջանցի Հայաստանը, երբ Մեղրիից մտնում է Նախիջևան, ապա պետք է նորից վերադառնա ՀՀ տարածք, նրանք ցանկանում են, որ Նախիջևանից երկաթուղին գնա այլ ուղղությամբ։ Նման պնդմամբ այսօր ասուլիսի ժամանակ հանդես եկավ ՀՀ վարչապե Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ այդ հիփոթետիկ «ուժերի» հիմնավորումն այն է, որ ՀՀ երկաթուղին կառավարվում է Ռուսաստանի կողմից, իսկ ՌԴ հարաբերությունները շատ երկրների հետ սուր են։ «Ճիշտ է, մենք փորձում ենք հավաստել, որ չնայած Ռուսաստանի կառավարման ներքո, բայց Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և ՌԴ-ն որևէ կերպ չի խոչընդոտում և չի պատրաստվում խոչընդոտել մեր տարածաշրջանային նախագծերն։ Ես դրա մասին խոսել եմ նաև ՌԴ նախագահի հետ և ես գիտեմ, որ նա աջակցում է այս բոլոր ծրագրերին։ Սակայն խնդիրն այն է, որ մի շարք երկրներում՝ Արևմուտքում, Արևելքում, Հարավում, երբեմն Հյուսիսում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Երկաթուղին Նախիջևանից հետո չպետք է մտնի ՀՀ տարածք, քանի որ հայկական երկաթուղիները կառավարվում են ՌԴ-ի կողմից։ Մենք պետք է այս տեղեկատվությունը թափանցիկ կիսենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, քանզի այս տեսակետը, ի հեճուկս մեր ջանքերի, բյուրեղանում և արմատավորվում է։ Մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ոչ ցանկություն ունենք, ոչ ունեցել ենք, ոչ կունենանք։ Բայց այն հանգամանքը, որ այսօր մեր Երկաթուղին կառավարվում է ՌԴ կողմից, բերում է մեր մրցակցային առավելությունների և ռազմավարական շահի կորստի»,- հավաստեց Փաշինյանը, միևնույն ժամանակ ակնհայտորեն դժվարանալով ուղիղ պատասխանել այն հարցին, թե որոնք են այն ուժերը, որոնց խանգարում է ՌԴ-ի կողմից Հայկական երկաթուղու կառավարումը։

Այս հարցին պատասխանելիս Փաշինյանը ասաց, որ պարտադիր չէ դրանք լինեն կոնկրետ երկրներ, դրանք կարող են լինել մասնավոր ներդրողներ։

Խոսելով «ստեղծված իրավիճակի» լուծումներից՝ Փաշինյանը առաջին անգամ հաստակ ներկայացրեց ՀՀ-ի իրական նպատակները «Հարավկովկասյան երկաթուղիների» առնչությամբ․ «Իմ կարծիքով ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը կլինի այն, որ Երկաթուղու կառավարման իրավունքը Ռուսաստանը վաճառի իրեն և Հայաստանին բարեկամ մի երկրի»։ Որպես օրինակ նա նշեց Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը։

Խոսելով ՌԴ փոխվարչապետ Իլյա Օվերչուկի այն հայտարարության մասին, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Երասխի և Ախուրիկի հատվածում երկաթգծի վերականգնման շուրջ՝ Փաշինյանը նկատեց, որ այդ հարցում բանակցելու բան չկա, պետք է ուղղակի աշխատել, քանզի խոսքը գնում է մեկ և երեք կիլոմետրանոց հատվածների մասին․ «Մինչև մենք բանակցենք, Հայաստանը շրջանցող այլընտրանքային երկաթուղին կկառուցեն»։

  • Կիսվել: