ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սգից, ցավից, ամոթից ու ազգային արժանապատվության կորստից անակնկալի եկած մեր ժողովուրդը իր լուռ վճիռն իրականում արդեն կայացրել է․ Ֆարմանյան

Սգից, ցավից, ամոթից ու ազգային արժանապատվության կորստից անակնկալի եկած մեր ժողովուրդը իր լուռ վճիռն իրականում արդեն կայացրել է․ Ֆարմանյան

Քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին։
 
Նա, մասնավորապես, գրել է․
 
"Մի մեծ խաբկանքի մասին
Մի մեծ խաբկանք կա մեր կյանքում. այն էլ ավելի սրվեց 2018-ի հայտնի դեպքերի ազդեցությամբ: Դա այն է, թե իբր պետության ու ժողովրդի կյանքում ճակատագրական որոշումները` անկախություն, պետականաշինություն, խաղաղության ու պատերազմի հարցեր, ռազմաքաղաքական դաշինքներ, պետության ճակատագիրը փրկել և այլն, էս բոլորը ժողովրդի բեռն է և ժողվուրդն է, որ, եթե ոչ միաձայն, ապա գոնե իր մեծամասնությամբ պետք է գա ու տեր կանգնի այդ հարցերին, լուծի դրանք ու այդ կենսական որոշումները կայացնի:
 
Դա խաբկանք է: Դա պատրանք է: Դա ժողովրդավարության թերի ընկալման արդյունք է: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ նման կենսական խնդիրները պատմության իրենց բաժին հասած ճակատագրական քառուղիներում, եթե լուծել են, ապա բացառապես իրենց ծոցից դուրս եկած այն սակավաթիվ սերուցքի ուժերով ու առաջնորդությամբ, որոնք ճիշտ ըմբռնելով ժամանակի ու պահի հրամայականը, ընդառաջ են գնացել իրենց առաքելությանը և լուծել այդ խնդիրները` ի շահ հենց նույն ժողովրդի և նրա պետական շահերի, ի շահ նրա ապագայի:
Ո՛չ Հայաստանն է այստեղ բացառություն, ո՛չ հայ ժողովուրդը ու ո՛չ էլ այսօրվա իրավիճակը, որ հրատապ լուծումներ է թելադրում: Հետ նայե՛ք համաշխարհային պատմությանը ու կտեսնեք ասվածը հավաստող հազարավոր օրինակներ:
 
Ուստի, պետք չէ հիասթափվել այն միանգամայն բացատրելի իրողությունից, որ, չնայած Փաշինյանի հյուսած արյունալի ազգային աղետին, չնայած այս մեծ զուլումին, ժողովուրդն իր ամբողջության մեջ կամ մեծամասնությամբ այսօր փողոցում չէ կամ դեռ փողոցում չէ: Սգից, ցավից, ամոթից ու ազգային արժանապատվության կորստից անակնկալի եկած մեր ժողովուրդը իր լուռ վճիռն իրականում արդեն կայացրել է` Փաշինյանին ժողովուրդն իր մտքից արդեն դուրս է գրել, նա Հայաստանում այլևս իշխանություն չունի: Վարչապետի սենյակում նստելն ու կառավարական կեցավայրում ապրելը իշխանություն լինել չէ: Միայն կույր մարդը չի տեսնի այս պարզ իրողությունը:
 
Հետևաբար, ժողովրդի թեկուզ սակավաթիվ, բայց պահի թելադրանքը գիտակցող, պատասխանատվությամբ օժտված ու իր առաքելությունը հասկացող սերուցքի, այդ թվում Ազգային ժողովի իմքայլական շատ պատգամավորների օրվա պարտքն է` ճիշտ հաշվարկված գործողություններով, սահմանադրական ու անցնցում եղանակով ի կատար ածել ժողովրդի արդեն իսկ կայացրած վճիռը և Փաշինյանի փաստացի «դուրս գրումը» ձևակերպել, ինչպես ասում են, նաև թուղթ ու գրիչով":

  • Կիսվել: