ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանի թիմն այսօր ի վիճակի չէ լուծելու հայ ժողովրդի կենսական խնդիրները. Աբրահամյան

Փաշինյանի թիմն այսօր ի վիճակի չէ լուծելու հայ ժողովրդի կենսական խնդիրները. Աբրահամյան

ՌԴ-ի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հարցազրույց է տվել «Հայասա» կենտրոնին՝ խոսելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կնքած եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին:

Նա, մասնավորապես, ասել է, որ Հայաստանին զարգացման ծրագիր է պետք: Ըստ Աբրահամյանի՝ Փաշինյանի թիմն այսօր ի վիճակի չէ լուծելու հայ ժողովրդի կենսական խնդիրները: ՛՛Ավելի քան 30 000 փախստականներ զրկված են կացարանից, հազարավոր երիտասարդներ պրոթեզավորման կարիք ունեն: Իսկ իշխանություններն այդ հարցերը լուծելու փոխարեն պատասխանատվությունը գցում են նախկին ղեկավարների վրա՛՛,-նշել է նա:

Աբրահամյանի կարծիքով՝ որքան շուտ հեռանա Փաշինյանը, այնքան ավելի լավ Հայաստանի համար: Նա ասել է. ՛՛Այն մարդը, որը կգա իշխանության, պետք է օպերատիվորեն լուծի պատերազմից հետո կուտակված բոլոր խնդիրները և երկիրը պատրաստի նոր ընտրությունների: Հայաստանի նոր ղեկավարը պետք է գործի բացառապես հայ ժողովրդի շահերից, պետք է անկեղծորեն սիրի հայ ժողովրդին՛՛:

ՌԴ-ի հայերի միության նախագահը նաև ասել է, որ Ալիևը հասկանում է, որ չի հաղթել, իսկ պատերազմի ժամանակ ոչ ոք չէր հասնակում, թե ինչ է կատարվում: ՛՛Հայաստանի ղեկավարության կողմից ռազմական կառավարման միասնական կենտրոն չստեղծվեց, որը կվերահսկեր իրավիճակը Հայաստանում և Արցախում: Ես, լինելով հասարակական կառույցի ղեկավար, կանոնավոր կերպով հանդիպումներ եմ անցկացրել երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

ՌԴ Գլխավոր շտաբում ինձ հայտնեցին խնդրի առկայության մասին, մեր բանակի տակտիկական սխալների մասին՝ մեր զինվորների աննկարագրելի հերոսության ֆոնին: Սակայն մեզ չէին լսում, փոխարենը Հայաստանից վստահեցնում էին, որ իրավիճակը վերահսկողության տակ է: Արդյունքում ստորագրեցինք եռակողմ հայտարարությունը՛՛,-հավելել է նա:

Աբրահամյանը նաև ասել է, որ մենք կարող ենք ուժեղ պետություն ստեղծել, իսկ դրա համար միավորվել է պետք, նաև՝ չկորցնել լավատեսությունը և միասնական ուժերով մասնակցել ուժեղ Հայաստանի կերտմանը:

  • Կիսվել: