կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանի սադրիչ հայտարարությունը եղավ Ղարաբաղի վերջը. Լևոն Տեր-Պետրոսյան

Փաշինյանի սադրիչ հայտարարությունը եղավ Ղարաբաղի վերջը. Լևոն Տեր-Պետրոսյան

Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը,- այսօր ՀԱԿ համագումարի ժամանակ ինքն իրեն այս հարցն ուղղեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և պատասխանեց.

Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտություն ինքներս ենք բերել մեր գլխին։ Վերջին 23 տարիների ընթացքում երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։

Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին՝ այդ իշխանությունների կողմից դրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտը ազդարարել է Փաշինյանի Արցախը ՀՀ-ն է և վերջ սադրիչ հայտարարությամբ և ինչը եղավ Հայաստանի վերջը՝ Ղարաբաղի վերջը։ 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության, կամ բացակայության հանգամանքը և ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը։

Այսինքն այն պարզ ճշմարտությունը, որ եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը։ Շատ պարզ բան է, որը մեր իշխանությունները չեն հասկացել, սա պարզագույն քաղաքականության այբուբենն է։ Այլկերպ ասած 23 տարի շարունակ մեր իշխանությունները դրսևորել են խաղամոլի վարքագիծ՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել, այդ պատճառով կորցնելով արդեն իսկ շահածը։

Տեր-Պետրոսյանն անդրադարձավ իր առաջարկին` երեք նախկին նախագահներով մեկ դաշինքով ընտրություններին մասնակցել: «Ես իմ առաջարկի հրապարակված տեքստերում տվել եմ անգամ այդ հանրույթի բանալին. այն է` մի կողմից խափանել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից` բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, ինչը երաշխավորվում էր երեք նախագահների կողմից պետական որևէ պաշտոն չզբաղեցնելու իմ առաջարկած պայմանով: Լուծում էի երկու հարցն էլ», – ասաց առաջին նախագահը:

«Իմ կարծիքով` անհրաժեշտ էր ձևավորել հիմնականում տեխնոկրատներից կազմված ճգնաժամային կառավարություն` լուրջ փորձառությամբ և կառավարական հմտություններով օժտված վարչապետի գլխավորությամբ», – նշեց նա` ի պատասխան իր սեփական հարցին, թե ով էր այդ դեպքում լինելու երկրի վարչապետը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է եւ վերջ արտահայտությունը եղել է Արցախի վերջը:

  • Կիսվել: