երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ. «Փաստ»

Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իլհամ Ալիևի հայտարարություններին Հայաստանից վերջապես արձագանքեցին: Բայց դա արվեց... ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից: «Նա (Ալիևը-խմբ.) իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում»,- ասված է հայտարարության մեջ:

Ալիևին որոշ ժամանակ առաջ կոշտ պատասխան էր տվել նաև ՀՀ երկրորդ նախագահը՝ մասնավորաբար ասելով. «Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակվի: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա»:

Սա ուշագրավ է այն տեսակետից, որ հատկապես պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը երբեք չի հակադարձել Ալիևին, որը հետևողականորեն խայտառակ հայտարարություններ է անում ոչ միայն հենց Փաշինյանի, այլև Հայաստանի ու հայերի հասցեին:
 

Ավելին, մեր տեղեկություններով, նա ԱԳՆ-ին էլ թույլ չի տալիս արձագանքել: Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հարցում: Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայաստանում «պետական հեղաշրջման» փորձի դատապարտման, ինչպես նաև թուրք այլ պաշտոնյաների հայտարարություններին պետք է պատասխաներ ՀՀ ԱԳՆ-ն, նույնիսկ տեքստ է եղել կազմած, սակայն Փաշինյանն արգելել է տարածել փետրվարի 25-ին: Սա հերթական անգամ մեծ զայրույթ է առաջ բերել դիվանագիտական կորպուսում:

Ի դեպ, սա միակ պատճառը չէ, այնպես որ, ըստ մեր տեղեկությունների, դիվկորպուսի ներկայացուցիչների մեծ մասի համբերության բաժակը լցվել է: Երեկ երեկոյան տեղեկություններ էինք ստանում, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: