Փաշինյանի հովանավորությա՞մբ եք ՔՊ ցուցակում առաջին կինը. հարց` Ավանեսյանին
Ես կարծում եմ՝ նման զարմանք չկա և կուսակցության շրջանակներում էլ նման զարմանքի ականատես չեմ եղել։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ–ից նախընտրական ցուցակում ինքն առաջին կինն է և շատերի մոտ զարմանք կա, թե ինչպես է ստացվել, որ հին կուսակցական կանայք ավելի ցածր հորիզոնական են զբաղեցրել, քան ինքը։
«Ես կուսակցական եմ 2021–ից։ Կներեք, 8 տարի արդեն կառավարության անդամ եմ, կուսակցության ակտիվ անդամ եմ, քաղաքական անձ եմ, գործունեությունս եղել է հրապարակային և շատ ընդգծված քաղաքական առումով։ Ես շատ շնորհակալ եմ, որ իմ կուսակցական գործընկերները նման բարձր վստահության քվեի են ինձ արժանացրել։ Սա շատ մեծ պատիվ է և պատասխանատվություն է, և ես շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում այս դիրքին։
Ընդգծեմ, որ բացառիկ երևույթ էին նման ներկուսակցական ընտրությունները, և հենց ընտրությունները բացառում են այս հարցերը։ Տեսեք, այլ կուսակցությունների ցուցակը այդպես էլ չհասկացանք՝ ոնց ձևավորվեց, որտեղ, ում միջոցով։ Հարցերը այնտեղ պիտի առաջանան, ոչ թե երկփուլ, մեկ ամիս քարոզարշավի տրամաբանությամբ, թափանցիկ, բաց ընտրությունների արդյունքով»,–ասաց նա։
Անդրադառնալով խոսակցություններին, որ ինքն անձամբ Նիկոլ Փաշինյանի հովանավորությունն է վայելում, Անահիտ Ավանեսյանն ասաց. «Մեր կուսակցության ընտրությունները հենց բացառում են որևէ անձի հովանավորություն։ Նման բան չի կարող լինել, չկա ոչ վարչապետի կողմից և ոչ էլ այլ անձանց կողմից։ Շատ մրցակցային բաց կարևորագույն գործընթացով ենք անցել և նորից կրկնում եմ՝ իմ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին նման բարձր վստահության քվեի արժանացնելու համար»։


