չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաշինյան Նիկոլին տրված ժամանակն այլևս չի երկարաձգվելու․ Խաչիկ Ասրյանը՝ վարչապետին

Փաշինյան Նիկոլին տրված ժամանակն այլևս չի երկարաձգվելու․ Խաչիկ Ասրյանը՝ վարչապետին

Հայաստանում, կրկնակի հայտարարված Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, տիրում է անարխիա ու անկառավարելիություն, և Հայաստանի Կառավարության ազդեցությունից ու վերահսկողությունից դուրս են եկել Հայաստանի քաղաքական և տնտեսական գործընթացներն, ինչի արդյունքում էլ Հայաստանի բնակիչների անվստահությունն ու հիասթափությունը հասել է իր գագաթնակետին: Այս մասին հայտարարություն է ներկայացրել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Արտակարգ դրության ռեժիմի ժամանակ Հայ Ժողովուրդը տեսավ և համոզվեց, որ Հայաստանի իշխանությունը, բացի պոպուլիստ և էմոցիոնալ, քաոս և անհարմարություններ առաջացնող մանիպուլյացիոն որոշումներից, ունակ չէ արդյունավետ աշխատել ու պահանջված արդյունքներ ապահովել:

Սույն թվականի փետրվարի 20-ին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Փաշինյան Նիկոլին և Հայաստանի գործող կառավարությանը ներկայացրել էր քաղաքական, սոցիալական և տնտեսական 10 կարևորագույն պահանջ, որոնց իրականացումը կնպաստի Հայաստանում բնակվող բոլոր ընտանիքների սոցիալական վիճակի և Հայաստանի տնտեսության բարելավմանը:


Հիշեցնում և տեղեկացնում ենք, որ, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, սույն թվականի մարտի 16-ին, Հայաստանի Կառավարության առաջարկով, Հայաստանի Ազգային Ժողովը երկրում հայտարարել էր 30-օրյա ժամկետով Արտակարգ դրություն և ավելացրել ևս 30 օր, ուստի, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության կողմից Փաշինյան Նիկոլի առջև դրված 10 պահանջներն իրականացնելու և Փաշինյան Նիկոլի՝ դրանց վերաբերյալ հայտարարություն անելու 50-օրյա ժամանակը երկարաձգել էինք ևս 30 օր, և վերջնաժամկետը լրանում է այսօր՝ մայիսի 7-ին:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ Փաշինյան Նիկոլին տրված ժամանակն այլևս չի երկարաձգվելու, ավելին, զգուշացնում ենք Փաշինյան Նիկոլին, որ, մայիսի 14-ից՝ Արտակարգ դրության ռեժիմը հանելուց հետո, չփորձի Հայաստանում արգելել բացօթյա հավաքները, բացօթյա միտինգները և քաղաքական այլ միջոցառումները (նույն սկզբունքով՝ սույն թվականի ապրիլի 16-ից Հայաստանում բազմահազար աշխատատեղերով աշխատող ձեռնարկություններին տրված աշխատելու թույլատվությունն իր մեջ պարունակում էր/է կոնկրետ կոռուպցիա), հակառակ դեպքում Հայ Ժողովրդի համար ակնհայտ կդառնա, որ Հայաստանում երկու անգամ հայտարարված Արտակարգ դրության ռեժիմն ուղղված էր ոչ թե COVID 19-ից բնակիչների առողջության պահպանմանն, այլ բացառապես նպատակ ուներ ևս երկու ամիս ստորաբար երկարաձգել Փաշինյան Նիկոլի անփառունակ և կործանվող իշխանությունը՝ վախենալով «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպվելիք բացօթյա քաղաքական հուժկու միտինգներից:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հաստատում է, որ, Հայաստանում հայտարարված Արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո՝ ինքս ղեկավարելու եմ Հայ Ժողովրդի հրապարակային բազմահազարանոց ճշմարիտ և արդար պայքարը՝ հեռացնելով Փաշինյան Նիկոլին Հայաստանի վարչապետի պաշտոնից՝ ձևավորելով Հայաստանի հաջորդ՝ ազգային-պետական իշխանություն:

  • Կիսվել: