շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարզվեց, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն չի պատրաստվում ՀՀ անվտանգության ապահովման առումով պատասխանատվություն ստանձնել, այլև վճռական պահին ասում է՝ դուք ձեր խնդիրները լուծեք. Փաշինյան

Պարզվեց, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն չի պատրաստվում ՀՀ անվտանգության ապահովման առումով պատասխանատվություն ստանձնել, այլև վճռական պահին ասում է՝ դուք ձեր խնդիրները լուծեք. Փաշինյան

Այսօր ունեցած ազգային անվտանգության ռազմավարությունը չի հասցեագրում այն հարցերը, որոնք կան: Այս մասին այսօր Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ մենք պետք է ունենանք ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որը, ըստ Փաշինյանի, պետք է արտահայտի պետության լեգիտիմ տարածքային ամբողջականության շրջանակները:

՛՛Այս վերջին շրջանում շատ ենք խոսում նաև պետության և պետական շահի մասին, հնչում է, չէ՞, ու անընդհատ: Ի միջի այլոց, այս հակադրությունն էլ կա, որն ամենասուրն է արտահայտվում մեր լեզվամտածողության բերումով՝ ազգային շահ և պետական շահ, ազգ և ժողովուրդ: Գիտե՞ք ինչ, սա անընդհատ քննարկել ենք, ժողովրդի գիտակցության մեջ էլ դա արտահայտվել է, բայց մենք նաև մեր ժողովրդի արտահայտությունների նկատմամբ ուշադիր չենք: Օրինակ՝ ժամանակին, ես հիշում եմ, չգիտեմ հիմա մարդիկ դա օգտագործո՞ւմ են: 90-ականներին մարդիկ շատ էին օգտագործում, ասում էին՝ այս ազգն այս ժողովրդի ձեռքը կրակն է ընկել, կամ այս ժողովուրդն այս ազգի ձեռքը կրակն է ընկել: Ո՞նց են ստեղծվում այս խոսույթները: Հասկանո՞ւմ եք, ինքն իրականում այսօրվա քննարկման թեմայի հետ շատ կապ ունի: Բայց հետաքրքիր է՝ ով և ոնց է ստեղծել այս արտահայտությունը, որն ընկալվում է որպես անեկդոտ կամ զվարճալի շուտասելուկ, բայց ինքն իրականում շատ լուրջ հոգեբանական և քաղաքական շերտեր է բերում:

Եվ, այս վերջին շրջանում նաև դրա մասին մի քանի անգամ հրապարակային արտահայտվելու առիթ եմ ունեցել: Օրինակ, տեսեք ասում ենք՝ մենք պետք է առաջնորդվենք պետական շահով: Իսկ պետական շահը ո՞րն է: Իմ մեկնաբանությունը, որը նաև ես պրակտիկայում, այսինքն՝ վարչապետի տեսակետից, այս բոլոր աղետների միջով անցնելով, ես վստահ չեմ կամ չեմ հավակնի բացարձակ ճշմարտություն կրողի դերին, բայց առաջարկում եմ, որ մենք այս թեման քննարկենք. ես եկել եմ այն համոզման, որ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և ընդհանրապես՝ զարգացումը, որովհետև այն, ինչ մենք խոսում ենք՝ բանակ, կրթություն, սահմանների անվտանգություն, ինքը կոնկրետ բյուջետային ծախս է:

Փաշինյանը հավելեց, որ այսօրվա իրավիճակում տնտեսական զարգացումն է Հայաստանի շահը, որովհետև տնտեսական զարգացմամբ է, որ դու ունենում ես ենթակառուցվածքներ և բյուջետային միջոցներ: ՛՛Օրինակ՝ մենք զինվորականների աշխատավարձն ենք բարձրացնում: Ինչի՞ հաշվին պիտի բարձրացվի: Եթե պետական բյուջեում եկամուտ չկա՝ չես կարող զինվորականի և որևէ մեկի աշխատավարձը բարձրացնել, չես կարող զենք, զինամթերք ձեռք բերել, չես կարող կրթությունը ֆինանսավորել, որպեսզի զինվորականը, սպան պատշաճ կրթություն ունենա, բժիշկը, մեկը, մյուսը...՛՛,-ասաց նա:

Խոսելով անվտանգության բանաձևի իր կոնցեպտի ու մոտեցման մասին՝ վարչապետը նշեց.  ՛՛Այստեղ կոմպոնենտներ կան: Ո՞րն է այդ կոմպոնենտների առանցքների առանցքը: Այդ կոմպոնենտների առանցքների առանցքը, որպեսզի մաքսիմալ պոլիտկոռեկտ ձևակերպեմ, հետևյալն է՝ մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք և Լեռնային Ղարաբաղի խնդիրն էլ միջազգայնորեն ճանաչված կոնֆլիկտ է, մենք Հայաստանի անվտանգության առումով խնդիր չունենք, և հետևաբար՝ պետք է կենտրոնանանք Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու վրա: Ըստ էության, խորքում կոնցեպտը սա է եղել, եթե նույնիսկ դա չի հռչակվել, չի հայտարարվում, դա այդպես է: Եվ սա այդպես է ոչ թե տեսական մակարդակում, սա այդպես էր ապացուցելիության մակարդակում:

Բայց պարզվեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ոչ միայն չի պատրաստվում Հայաստանի անվտանգության ապահովման առումով պատասխանատվություն ստանձնել, այլև վճռական պահին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ասում է՝ դուք տեսեք, ձեր խնդիրները լուծեք: Այս ամբողջ խոսակցության հետ դա կապ ունի, որովհետև վերջին հաշվով, եթե դուք հարցնեք՝ այս ինչի՞ մասին է խոսքը, այս ի՞նչ ենք մենք քննարկում: Մենք քննարկում ենք կոնկրետ մեր տարածաշրջանում, մեր միջավայրում հնարավորինս քիչ արտաքին օգնություն ստանալու անհրաժեշտությամբ գոյություն ունենալու և լինելու բանաձևը: Մենք սա ենք քննարկում:

  • Կիսվել: