շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պահպանել ակտիվ չեզոքություն. «Ազգային օրակարգի» կոչը ՀՀ-ին ու ԱՀ-ին՝ Սոլեյմանիի սպանության առթիվ

Պահպանել ակտիվ չեզոքություն. «Ազգային օրակարգի» կոչը ՀՀ-ին ու ԱՀ-ին՝ Սոլեյմանիի սպանության առթիվ

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված գեներալ Ղասեմ Սուլեյմանիի զոհվելու հետ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հունվարի 3-ին Բաղդադում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի զոհվելն օդային հարվածի արդյունքում մեր տարածաշրջանը կանգնեցրել է տասնամյակներով ընթացող բազմակողմ հակամարտության կտրուկ սրման վտանգի առաջ:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը իր ցավակցությունն է հայտնում Իրանի իսլամանական հանրապետության ժողովրդին, միաժամանակ հույս հայտնելով, որ Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ ներգրավված բոլոր ուժերը զերծ կմնան իրավիճակը ապակայունացնող հետագա գործողություններից, և առկա հակասությունները կփորձեն լուծել խաղաղ ճանապարհով։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը նաև կոչ է անում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների իշխանություններին՝ ստեղծված պայմաններոմ պահպանել ակտիվ չեզոքություն և ըստ հնարավորի նպաստել առաջացած լարվածության նվազմանը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանային հակամարտության հետագա սրացման հնարավորությունը, հույս ենք հայտնում, որ իշխանությունները և հայկական բանակի ղեկավարությունը անհրաժեշտ լրացուցիչ գործողություններ կձեռնարկեն՝ ապահովելու մեր երկրի սահմանների ու կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգությունը»։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Պենտագոնը տեղեկացրել էր գործողության մասին, որի ընթացքում Բաղդադի օդանավակայանի մոտ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: ԱՄՆ վարչակազմի վարկածով՝ հատուկ գործողությունը պաշտպանիչ բնույթ է կրել, քանի որ ունեցել է Մերձավոր Արեւելքում ամերիկացի զինծառայողներին պաշտպանելու նպատակ:

Արտակարգ նիստի արդյունքներով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը խոստացել է վրեժ լուծել: Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ «Ամերիկան պատասխանատվություն է կրում այդ հանցավոր արկածախնդրության հետեւանքների համար»: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ հեռախոսազրույցի ընթացքում հարձակումը ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության դրսեւորում է անվանել: Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «դատապարտել այդ հանցավոր գործողությունը», ինչպես նաեւ հայտարարել է ինքնապաշտպանության իր իրավունքի մասին: 

  • Կիսվել: