չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պահանջում ենք, որ առանց նախապայմանների վերադարձվեն հայ գերիները, և ադրբեջանական զորքերը դուրս բերվեն Լաչինի միջանցքից. Ֆրանսիայի Սենատի անդամ

Պահանջում ենք, որ առանց նախապայմանների վերադարձվեն հայ գերիները, և ադրբեջանական զորքերը դուրս բերվեն Լաչինի միջանցքից. Ֆրանսիայի Սենատի անդամ

Ֆրանսիայի Սենատի անդամ Պատրիկ Քանների խոսքով՝ Սենատ ներկայացված նախագիծը հնարավորություն կտա վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու կայուն խաղաղության հաստատմանը և սատարելու հայ ժողովրդին, որը տառապում է հարևան ազգայնականների պատճառով:

՛՛Մենք պահանջում ենք, որ հայ գերիները վերադարձվեն՝ առանց նախապայմանների: Պահանջում ենք, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն Լաչինի միջանցքից՝ առանց նախապայմանների: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պետք է հարգվի, միջազգային համաձայնագրերը պետք է կյանքի կոչվեն: Ադրբեջանը փորձում է առաջ տանել իր ծավալապաշտական նկրտումները: Ֆրանսիան պետք է դերակատարում ունենա այս խնդրի լուծման մեջ՛՛,-ասել է սենատորը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը և նրա դաշնակիցները չեն կարողանում ապահովել տարածաշրջանում խաղաղությունը:

՛՛Ֆրանսիայի նախագահն ակտիվ ջանքեր է գործադրում: ԵՄ-ն պետք է որոշում կայացնի և իր գազի ու նավթի գնումները համապատասխանեցնի միջազգային իրավունքի նորմերին: Հարկավոր է ամենաբարձր մակարդակով գործել, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ապահովել երկարաժամկետ խաղաղություն: Ամեն ինչ պետք է արվի, որ Ադրբեջանը պարտավորվի վերսկսել դիվանագիտական բանակցությունները՝ հասնելու երկարաժամկետ և արդար խաղաղության՛՛,-նշել է Քանները:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատում տեղի է ունեցել Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկումը, որին հետևել է քվեարկությունը:

  • Կիսվել: