հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ովքեր են ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում և ովքեր են դուրս մնացել. անուններ

Ովքեր են ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում և ովքեր են դուրս մնացել. անուններ

Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխանության քաղաքապետի թեկնածուն ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ցուցակում երկրորդը կլինի ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, ով նաև ղեկավարելու է ՔՊ նախընտրական շտաբը։

Նախընտրական ցուցակի առաջին կինը կլինի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։ Չորրորդը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հովհաննիսյանն է, 5-րդը՝ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Քաղաքապետի մյուս երեք տեղակալներից ցուցակում կլինի միայն Սուրեն Գրիգորյանը. Ստեփան Մաչյանն ու Գևորգ Սիմոնյանն ընդգրկված չեն նախընտրական ցանկում:

Նախընտրական ցուցակը կազմելիս որոշվել է «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամներին պահել ցուցակում, բայց փոքր-ինչ այլ հերթականությամբ։

Ցուցակում կլինեն «Իմ Քայլը» խմբակցության անդամներ Մարատ Թոխյանը, Արմեն Սարգսյանը, Հայկ Միրզոյանը, Վազգեն Դարբինյանը, Լուսինե Գևորգյանը, Էդուարդ Ավետիսյանը, Արթուր Իսպիրյանը, Արման Հարությունյանը, Լևոն Զաքարյանը և ավագանու այլ գործող անդամներ։

Ցուցակում լինելու են նաև նոր անուններ. մասնավորապես, ինչպես հայտնել էինք ավելի վաղ, թիմին են միացել ջազմեն երաժիշտ Վահագն Հայրապետյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը։

Ընտրացուցակում կլինեն նաև կուսակցականներ տարածքային կառույցներից։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, առաջադրումներն արդեն սկսված են:

  • Կիսվել: