հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ով կգլխավորի ՀՀԿ-«Հայրենիք» ցուցակը, ինչ է կատարվում «Քոչարյան» պայմանական անունով դաշինքում, ինչ վերադասավորումներ են սպասվում իշխանական թևում. Հայաստանը պատրաստվում է ընտրություններին

Ով կգլխավորի ՀՀԿ-«Հայրենիք» ցուցակը, ինչ է կատարվում «Քոչարյան» պայմանական անունով դաշինքում, ինչ վերադասավորումներ են սպասվում իշխանական թևում. Հայաստանը պատրաստվում է ընտրություններին

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ Հայաստանյան քաղաքական ուժերի շարքերում նախընտրական «եռուզեռ» է տիրում, այս փուլում ակտիվ ընթանում են ցացուկների շտկման, կարգախոսների ընտրության աշխատանքներ:

Թերևս ամենաուշագրավ հարցերից մեկն այն է, թե ով կգլխավորի ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ցուցակը, քանզի ըստ InfoPort.am-ի հանրապետականամերձ աղբյուրների, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրաժարվել է գլխավորել այն: Ընդհանրապես, ըստ աղբյուրի, Սերժ Սարգսյանը գրեթե հետաքրքրություն չի էլ ցուցաբերում սպասվող ընտրությունների նկատմամբ և ամեն ինչ թողել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի նախախնամության վրա: Թերևս սա է պատճառը, որ դաշինքի անվանումն էլ որոշել է Վանեցյանը` դա իր սիրելի սլոգանն է. "Պատիվ ունեմ": Հենց Վանեցյանն էլ, ըստ աղբյուրի, կառաջնորդի նախընտրական դաշինքը, ինչը հնաբնակ հանրապետականների համար, մեղմ ասած, սառը ցնցուղ է եղել. նրանք գտնում են, որ դաշինքը պետք է ղեկավարի ՀՀԿ գործիչ` անկախ նրանից Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընտրություններին, թե ոչ, քանի որ դաշինքի առանցքային ուժը հենց ՀՀԿ-ն է, ընդդիմադիր էլեկտորատի մեծ մասն էլ հենց ՀՀԿ-ին, այլ ոչ «Հայրենիքին» է ձայն տալու:

Ինչևէ արդեն որոշված է` դաշինքը գլխավորելու է Արթուր Վանեցյանը, երկրորդ հորիզոնականում կհանգրվանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ ցուցակի երրորդ տեղը, որը պետք է զբաղեցնի կին գործիչ, այս պահի դրությամբ դեռ թափուր է: Ըստ մեր զրուցակցի, չնայած մամուլում շրջանառվող լուրերի առ այն, որ դաշինքի երրորդ  հորիզոնականում կհանգրվանի նախկին իշխանական պատգամավոր Թագուհի Թովմասյանը, այդ հարցում դեռ վերջնական որոշում չկա: Դաշինում տեղ կգտնեն առավելապես երիտասարդ, նախկինում առանցքային քաղաքական դերակատարություն չունեցող հանրապետականներ: 

Հատկանշական է, որ դաշինքի առաջին հորիզոնականններում, ըստ ամենայնի, տեղ չեն գտնի առանցքային հանրապետականները` Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը և այլք, չնայած այս հարցն էլ դեռ վերջնական որոշված չէ: Հանրապետականի մեր աղբյուրները փոխանցում են, որ դա նրանց ցանկությունն է: Իսկ այ «Հայրենիք» կուսակցությունից մեզ փոխանցեցին, որ դա Արթուր Վանեցյանի ցանկությունն է, նա գտնում է, որ հնաբնակ հանրապետականների հակավարկանիշը շատ բարձր է,  և ընդհանրապես որոշումներում առանցքային դեր է խաղում հենց նրա դիրքորոշումը, քանզի... ով զարմանք... դաշինքի նախընտրական բոլոր ծախսերը հոգալու է հենց Վանեցյանը: Հանրապետականի առաջնորդը որոշել է այս անգամ զերծ մնալ նախընտրական ֆինանսական բեռ կրելուց, ինչպես մեզ բացատրեցին մեր աղբյուրները, նա այսօրվանից պատրաստվում է հաջորդ ընտրություններում «հուժկու» մասնակցության: Հատկանշական է, որ ըստ պայմանավորվածության Վանեցյանը պետք է հոգա նաև հանրապետական թեկնածուների նախընտրական ծախսերը, ինչը վերջիններիս որոշակիորեն կաշկանդում է` նրանք չգիտեն, արդյոք Վանեցյանը կհամաձայնի դրան, կամ համաձայնելու դեպքում որքանով կֆինանսավորի: Թե ինչու Սերժ Սարգսյանը որոշեց թիմակիցներին թողնել նման դժվար կացության մեջ` հասկանալի չէ, նույնիսկ եթե նա «այսօրվանից պատրաստվում է հաջորդ ընտրություններին»:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ "Պատիվ ունեմ" պայմանական դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Իշխան Զաքարյանը:  

Հատկանշական է նաև, որ ՀՀԿ-Վանեցյան դաշինքի մասին անոնսից հետո խիստ լարվել են նրանց հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի թևի հետ: Վերջիններս գտնում են, որ ընդդիմությունից ամենա մեծ շանսերը իրենք ունեն ընտրություններում հաղթելու, իսկ ՀՀԿ-Վանեցյան դաշինքի մասնակցությունը զուտ կփոշիացնի ընդդիմադիր էլէկտորատի ձայները, ինչը իշխանական թևի շահերից է բխում: Այս երկու ուժերի միջև ԶԼՄ-երի ու սոցիալական ցանցերի մակարդակով «սառը պատերազմ է» սկսվել:

Իսկ ինչ է կատարվում քոչարյանական դաշինքում: Այստեղ ևս կրքերը թեժ են: Բոլորը ցանկություն ունեն տեղավորվել ցուցակի անցողիկ տեղերում, բայց իրավիճակը բարդանում է այնքանով, որ Քոչարյանը բացի իրեն սատարող և հավատարիմ քաղաքական թիմից` «Ալտերնատիվ նախագծեր», նախկին նախարարներ` Արմեն Գևորգյան, Կարեն Ճշմարիտյան և այլք, ունի նաև «աջակիցների» մեծ բանակ, որը նրան է միացել 2018 թվականից հետո և նրա համար դժվարին շրջանում պայքարի ողջ ծանրությունը վերցրել իր ուսերին, բնական է, որ այդ մարդիկ ևս ունեն նախընտրական կամ ինչու ոչ հետընտրական ամբիցիաներ` օրինակ, որոշները ուզում են դեսպան դառնալ, որոշները վարչության պետ և այլն: Բացի այդ կան նաև "նոր" դեմքեր, որոնք ցանկանում են հարմարավետ տեղավորվել դաշինքում: Մեր ունեցած տվյալներով, նման ամբիցիաներ ունի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով այս օրերին հանդիպել է Ռոբերթ Քոչարյանի հետ: Պայքարը հատկապես թեժ է քոչարյանական կանանց միջև:      

Ըստ մեր աղբյուրների` քոչարյանական դաշինքի նախընտրական շտաբը, որը կտեղակայվի Բայրոնի փողոցի վրա, ամենայն հավանականությամբ կգլխավորի Արմեն Գևորգյանը:      

Սա ընդդիմադիր առանցքային ուժերում տիրող իրավիճակն է այս պահի դրությամբ: Իսկ ինչ է կատարվում իշխանական ճամբարում: Այստեղ ևս կրքերը թեժ են, ակտիվ ընթանում են ցուցակի շտկման աշխատանքները: Արդեն հայտնի է, որ պատգամավորները չեն լինի ցուցակում` դրանք հիմնականում «սորոսական թևի» ներկայացուցիչներն են, թեև հնարավոր է բացառություններ արվեն, ցուցակում չեն լինի նաև լրագրող Հայկ Գևորգյանը, վարչապետ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանը: Անշուշտ գնացողների տեղերը կհամալրեն պայմանական ասված «նոր դեմքեր»: Այս պահի դրությամբ գրեթե վերջնական հստակություն կա գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի պահով: Բացի այդ ցուցակը կհամալրեն քաղաքագետ Լևոն Շիրինյանը և նրա կուսակից մեկ-երկու ընկեր: Ցուցակում ըստ ամենայնի կլինի նաև նախկին ՀՀՇ-ական Վիգեն Խաչատրյանը:    

Նկատենք, որ ցուցակից դուրս մնացածներին Փաշինյանը, հաղթանակի դեպքում, անշուշտ լուսանցքում չի թողնի: Նա արդեն զրուցել է որոշների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային նախասիրություններից, խոստացել հնարավորության դեպքում բավարարել դրանք:                                          

  • Կիսվել: