չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ով կգա ու կասի՝ նոր Հայաստանի կանոններով է գործելու, մենք խնդիր չենք ունենա ոչնչացնելու որևէ այդպիսի գործարարի. Միրզոյան

Ով կգա ու կասի՝ նոր Հայաստանի կանոններով է գործելու, մենք խնդիր չենք ունենա ոչնչացնելու որևէ այդպիսի գործարարի. Միրզոյան

Ապօրինի գույքի հետ բերման գործընթացը միևնույն է սկսված էր, ընթանում է՝ այո, դժվար ու դանդաղ, որը բազմաթիվ հանգամանքներով է պայմանավորված: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն` անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժի կարևոր ուղղություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է։ «Մենք մեր խոստումից հետ չենք կանգնելու, գնալու ենք առաջ։ Հիմա այդ պրոցեսի մեջ ինչ-որ փուլում իրավապահները բախվել են խնդիրների։ Շատ դեպքերում մինչև այս օրենքի նախագիծը հնարավոր չի եղել հասնել այդ ունեցվածքին, որը ենթադրաբար կամ առերևույթ ապօրինի կարող է լինել։ Եվ հիմա հավելյալ գործիք է տրված իրավապահներին»,- ընդգծեց նա։

Հարցին, թե օրենքի կիրառումը կարող է քաղաքական գործիք դառնալ որոշ շրջանակների կողմից` ճնշելու նախկին պաշտոնյաներին, Արարատ Միրզոյանն արձագանքեց․

«Եթե որևէ մեկն այս երկրում պատկերացնում է, որ մենք կարող ենք գույքի բռնագանձման օրենքը կիրառենք, որպեսզի ինչ-որ մութ գործարքի գնանք, ինչ-որ նախկին պաշտոնյայի հետ, որը դարձել է դոլարային միլիոնատեր, սխալվում է»։

Դիտարկմանը, թե, օրինակ,  գործարար Սամվել Ալեքսանյանի հետ լավ հարաբերություններ ունեն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Սամվել Ալեքսանյանի չէ, մենք բոլորի հետ լավ ենք, ովքեր աշխատում են ՀՀ օրենքների սահմաններում և մեր հռչակած խաղի կանոնների սահմաններում, որն էլի հանգելու է ՀՀ օրենքներին՝ ոչ մի սև հաշվապահություն և կանոնավոր վճարված հարկեր։ Բոլոր բոլորի հետ լավ ենք։ Եվ նույնիսկ հազար անգամ ասել ենք` եթե կլինի որևէ մեկը, ով նախկին խաղի պայմաններում օրենք է խախտել ու կուտակել է ապօրինի, կգան կասեն` այդպես է եղել ընդունված, մեզ մի դատեք, վերցրեք այսքանը, մենք յուրացրել ենք ապօրինի, վերցրեք ու թողեք ես շարունակեմ աշխատել, մենք հազար անգամ ենք ասել, որ ոչ մի մութ, ոչ մի անդրկուլիսային պայմանավորվածություններ չեն լինի, միայն բաց ու հասարակության աչքի առաջ։ Դեռ դա էլ կարող ենք քննարկել` 1 մլրդ-ից 800 մլն հետ տան նորմալ է, թե 700-ը կամ 990-ը։ Դա հազար անգամ ասել ենք, և այստեղ Սամվել Ալեքսանյանը ոչ մի առանձնահատուկ դեր չունի։ Ով կգա ու կասի, որ նոր Հայաստանի կանոններով է ապրելու և գործելու, ապա մենք խնդիր չենք ունենա ոչնչացնելու որևէ այդպիսի գործարարի կամ քաղաքական գործչի»:

Սամվել Ալեքսանյանի օրինավոր գործելու մասին էլ ԱԺ նախագահը ասաց, որ ճիշտ կլինի՝ ՊԵԿ-ը պատասխանի այդ հարցին. «Եթե այդ մարդը հիմա խնդիր չունի, ենթադրում եմ, որ կանոնավոր վճարում է հարկերը»:

  • Կիսվել: