հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
 Ով է լինելու «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն. «Հրապարակ»

Ով է լինելու «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեռ շաբաթներ առաջ գրել էինք, որ Սամվել Կարապետյանի հիմնած ուժը կոչվելու է «Ուժեղ Հայաստան», բայց վարչապետի թեկնածուի հարցում թիմը դժվար ընտրության առաջ է կանգնած: Ըստ ամենայնի, կհայտարարեն, որ դե ֆակտո ղեկավարը Սամվել Կարապետյանն է, որն օրենքով վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է, իսկ դե յուրե թեկնածուն կլինի նրա եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։ Բանն այն է, որ «Մեր ձևով»-ում հասկանում են՝ շարժումը ստեղծվել է Սամվել Կարապետյանի անձի շուրջ, նա է, այսպես ասած, գլխավոր հերոսը, և հանրությունն ակնկալում է նրա անմիջական մասնակցությունը իշխանափոխությանը։ Բայց եթե նրա թեկնածությունն առաջ բերելն այս փուլում անհնարին է, իրենց ուժի հաղթանակից և օրենսդրական փոփոխություններից հետո կդառնա հնարավոր։

Երեկ կայացավ կուսակցության հիմնադիր համագումարը, նախագահ ընտրվեց Սամվել Կարապետյանը, տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետի թեկնածուն էլ է Սամվել Կարապետյանը։ Իսկ այսօր Մարզահամերգայինում կուսակցության պրեզենտացիայի ժամանակ կհայտարարվի վարչապետի իրենց թեկնածուի անունը: Ըստ ամենայնի, կասվի՝ ընտրություններում հաղթելուց հետո առաջին քայլը լինելու է Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխությունը՝ պատգամավորների 2/3-ի նախաձեռնությամբ։

Հոդվածը սահմանում է, որ կառավարության անդամին նույն պահանջներն են ներկայացված, ինչ պատգամավորին: Իսկ 202-րդ հոդվածում չի նշվում, որ 148-ը կարող է փոխվել հանրաքվեով, այսինքն` այն կարող է փոխել նաև ԱԺ-ն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: